Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Անդրադառնալո՞ւ են, արդյոք, հայ-թուրքական Արձանագրությունները Ղարաբաղյան հիմնհարցի կարգավորման գործընթացի վրա

Դեկտեմբեր 8, 2009թ. 14:05

protokoly2008 թ. սեպտեմբերից ի վեր Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունների նպատակն էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդյունքում միակողմանի փակ սահմանի բացումը: Այս սկզբունքով է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից մեկնարկել և ընթացել բանակցային ողջ գործընթացը, որի արդյունքում` 2009 թ. մարտ-ապրիլին համաձայնեցվեցին, իսկ հետագայում նախաստորագրվեցին արձանագրությունները: Վերջապես, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները:

Ինչ վերաբերում է թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների այն հայտարարություններին, թե Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման և բանակցային գործընթացի հետ, ապա դրանք անհիմն են, քանզի միանգամայն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում այդ հարցը երբևէ քննարկման առարկա չի եղել:

Թուրքական կողմը, հիրավի, չի կարող անկողմնակալ միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան հիմնահարցը երբեք չեն կարող զուգորդվել և միմյանցով պայմանավորել, քանիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` որպես իրենց կառավարությունների պաշտոնական դիրքորոշում: Այդ մասին հայտարարել են նաև ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները, եվրոպական կառույցների ղեկավարները:

«Այս հարաբերությոնները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ և ինքնուրույն գործընթաց է, ինչի մասին բազմիցս խոսել են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այնպես էլ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի առաքելություն կատարող միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրները»,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 10-ի ուղերձում:

Հստակ ընդգծվեց նաև, որ «Թուրքիայի հետ որևէ հարաբերության հաստատում չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը»:

Դրա մասին է վկայում նաև միջազգային հեղինակավոր փորձագիտական շրջանակների հրապարակումն առ այն, որ «Հայաստանը, փաստորեն, մերժել է Թուրքիայի ղեկավար անձանց այն ցանկությունը, համաձայն որի` երկրի խորհրդարանը վավերացնելու է արձանագրությունները միայն այն ժամանակ, երբ առաջընթաց կտեսնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում»:

Ս.թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Է. Նալբանդյանը և Ա. Դավութօղլուն Ցյուրիխում ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ: Օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների (ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, Ռու-սաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեռնար Կուշներ, Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանա, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Ժբոգար) ներկայությունը ստորագրման արարողությանը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը կարևորում և անթաքույց աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու հարաբերությունների հետագա զարգացմանը` որպես անկախ գործընթացի:

Ստորագրումից հետո աշխարհի շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում սատարում ու պաշտպանում են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումն ու դրույթների իրականացումը, սակայն նրանցից և ոչ մեկը (իհարկե բացի Ադրբեջանից ու Թուրքիայից) չի նշում և անգամ չի ակնարկում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ որևէ փոխկապակցություն:

«Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացումից հետո որևէ պայմանների, լրացուցիչ պայմանների ներկայացումը, որոնք արծարծված չեն արձանագրությունների մեջ, կարող են խոչընդոտել ողջ գործընթացը, քանի որ այս արձանագրությունները ստորագրվել են բանակցությունների արդյունքում, որտեղ որևէ այլ հարց, բացի նրանից, ինչ որ ներառված է արձանագրությունների մեջ, չի քննարկվել» (ՀՀ նախագահի հոկտեմբերի 10-ի ուղերձից):

Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում հստակ գիտակցում են, որ եթե կողմերից որևէ մեկը փորձի արհեստականորեն ձգձգել կամ ինչ-որ կերպ հավելյալ նախապայմաններով խոչընդոտել արձանագրությունների ժամանակին վավերացումը, ապա բացասական հետևանքների ու խնդրի ձախողման ողջ պատասխանատվությունը միջազգային հանրության առջև ստանձնելու է հենց նա:

Ի վերջո և Ադրբեջանում, ևԹուրքիայում հիանալի հասկանում են, որ հայթուրքական արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում զիջումներ կորզելու անհեռատես քաղաքականության հետ կապելը ի սկզբանե դատապարտված է ձախողման և կհետաձգի ինչպես հայթուրքական հարաբերությունների կարգավորումը, այնպես էլ ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացը:

Արամ Հարությունյան, դոցենտ

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն