Էրդողանը խուսափել է պատասխանել լրագրողի` Ցեղասպանության խնդրին առնչվող հարցին
Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խուսափել է պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, Բարաք Օբամայի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
Այս առիթով ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատեց, որ Թուրքիայի վարչապետը, բնականաբար, այդ հարցին չէր պատասխանի, քանի որ, ըստ Դեմոյանի, այս հանդիպման ընթացքում հնարավոր չէր, որ` ինչ-որ նոր բան քննարկվեր։ Ցեղասպանության թանգարանի տնօրենի փոխանցմամբ. «Բանն այն է, որ ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվելու ժամանակ, մեջլիսում ներկայացնելով իր հիմնական ուղերձը` հարյուրավոր մեջլիսականների ներկայությամբ ասել էր, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ. ի՞նչ է սա նշանակում։ Ակնարկը վերաբերում է նրան, որ Թուրքիան պետք է ընդունի բոլոր այն հանցագործությունները, որ կատարվել են Օսմանյան կայսրության ժամանակ, այլ ոչ թե շարունակի իր ժխտողական քաղաքականությունը։ ճիշտ է` ոչ ապրիլ 24-յան ուղերձում, ոչ էլ վերջերս` Ամերիկայի հայկական ասամբլեային ուղղված նամակում, Օբաման չօգտագործեց Ցեղասպանություն բառը, բայց, այնուամենայնիվ, բոլոր բնորոշումները, որ տրվել էին թե’ նախագահական ուղերձում, թե’ վերջին նամակում, բնութագրում են ցեղասպանություն հանցագործությունը»,– ասաց Հ. Դեմոյանը ։
Հետևաբար, ըստ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, հասկանալի է Էրդողանի լռությունը…
ArmAr.am












