Ցուցահանդես` ուսանողների ու վարպետների մասնակցությամբ
«Կրթության և գիտության հայ նվիրյալները» խորագրով կերպարվեստի ստեղծագործությունների մրցույթ-ցուցահանդեսն այսօր բացվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մրցույթը հայտարարել էին կրթության և գիտության նախարարությունը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
Մրցութային հանձնաժողովի համանախագահ, կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, դիտելով ներկայացված ստեղծագործությունները, նշեց.«Ցուցահանդես-մրցույթի նպատակն էր մասնագետների և ուսանողների ուշադրությունը սևեռել կրթության և գիտության բնագավառի նվիրյալների կենսագրության և գործունեության վրա, որովհետև այս դարում գիտելիքն արժեք է և այն դարեր շարունակ ծնվել ու փոխանցվել է հայ ազգի նվիրյալների շնորհիվ: Մեզ հաջողվել է ապահովել մասնակիցների առավել լայն շրջանակ. ներկայացված են թե’ ուսանողների, թե’ հայտնի վարպետների աշխատանքները, ինչպես նաև առկա է ոճային բազմազանություն. կոմիքսներից մինչև կերպարվեստի գործեր, համակարգչային դիզայն և այլն»:
Մրցույթին ներկայացված էին 45 ստեղծագործություն /30 նկար և 15 քանդակ/: Մրցույթի հաղթողների համար սահմանվել էին մեկ առաջին մրցանակ/ 300 000 դրամ/, երկու երկրորդ մրցանակ / 150 000-ական դրամ/ և երեք երրորդ մրցանակ/100 000-ական դրամ/:
Մրցութային հանձնաժողովը մոտակա օրերի ընթացքում կամփոփի մրցույթի արդյունքները և և կհրապարակի հաղթողների անունները:












