Գլխավոր » Լրահոս

Մերօրյա հերոստրատները փորձում են խեղաթյուրել Ավարայրը

Դեկտեմբեր 8, 2009թ. 17:53

Եղիշեի` 464-465թթ գրված «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատության դերն անգնահատելի է հայ ինքնություն պահպանման գործում:

Վարդանանց պատերազմը հայ ինքնության պահպանման համար էական նշանակություն ունեցավ:

Մինչդեռ այսօր Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված սրերը ոչ միայն աղանդների տեսքով են ճոճվում, այլև ոմանք փորձեր են անում ջուր լցնելով թշնամու ջրաղացին` խեղաթյուրել մեր պատմությունը` ազգային ինքնության պահպանման համար մղված պայքարը ներկայացնելով որպես եկեղեցու հրահրած կռիվ, որի հիմնական «նպատակը», իբրև թե, եղել է Հայ Առաքելական եկեղեցու դիրքերի պահպանումը:

Ինչպես Հերոստրատը փորձեց պատմության մեջ մնալ ոճրագործության միջոցով, այնպես էլ այսօր որոշ «գրողներ» փորձում են նույն բանն անել պատմության խեղաթյուրման հաշվին: Նմաններից մեկն էլ ոմն Համլետ Դավթյանն է, ով դրսից ֆինանսավորվելով, փորձում է վարկաբեկել մեր  անցյալի հաղթանակները:

Նարեկ Աշուղաթոյանը ուսումնասիրել է նմանատիպ գրքերից մեկը և ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց մի քանի հատվածներ, որոնցով Համլետ Դավթյանը փորձում է վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցու ազգապահպան դերը.  ««Մեզ անծանոթ «Վարդանանց պատերազմը» գրքի 48-րդ էջում գրված է. « 428-450 թվականներին Հայոց եկեղեցին համառորեն պատերազմ էր հրահրում», 50-րդ էջում ասվում է. «Ըստ էության, դա մի պայքար էր, որտեղ եկեղեցին ոչինչ չուներ կորցնելու», 126-րդ էջում նսեմացվում է նաև հայոց բանակը և հեղինակը հայտարարում է. «Բանակը կամ հաղթում է, կամ պարտվում. զինված ամբոխն է բարոյական հաղթանակ տանում»: Եթե նախորդ արտահայտություններում հեղինակը փորձում էր վարկաբեկել եկեղեցին, ապա այստեղ հերթը հասնում է բանակին, որով փորձ է արվում նվաստացնել Հայոց բանակի պայքարն ու անցած ուղին»,- նկատում է Նարեկը:

Սակայն այսքանով հեղինակի «հայտնագործությունները» չեն ավարտվում, նա պարբերաբար նշում է, թե Ավարայրի ճակատամարտը Մամիկոնյան տոհմին առաջ մղելու նպատակ ուներ, ապա թե` Հայ Առաքելական Եկեղեցու իշխանությունն էր հաստատում:

«Մեջբերեմ գրքից մի հատված. «Հնարավոր էր Հայկական նոր պետություն, սակայն եկեղեցին խոչնդոտեց»: Սա ամենամեծ անհեթեթությունն ու պատմության խեղաթյուրման փորձն է: Ինչպես կարող էր հնարավոր լիներ նոր հայկական պետության ստեղծում, երբ պարսիկների հիմնական նպատակը հպատակված, խոնարհված Հայաստան տեսնելն էր»,- ասում է Նարեկ Աշուղաթոյանը:

«Ոմանք Ավարայրը համարում են «չինացիների» ձեռքբերումը, իսկ Մամիկոնյաններին չինացի, որն իբրև վկայում է Մովսես Խորենացին: Այնինչ Խորենացին գրում է. «Ասում են, որ այդ ժամանակ է Հայաստան եկել Մամիկոնյանների ցեղի նախնին, արևելյան հյուսիսային քաջատոհմիկ և գլխավոր աշխարհից, Ճենաստանից…Գլխ 2. ՁԱ»:

«Իրականում Ճենաստանը Փոքր Հայքի Խաղկտիք գավառն է և չի կարելի «Ճեն» արմատը շփոթել «Չին»-ի հետ: Սակայն այս տեսակետը շրջանառողներն ընդամենը  հումորիստներ են, որը սակայն ինչպես տեսանք հեռու է իրականությունից»:

Վարդանանց պատերազմի դերն անգնահատելի և անուրանալի է: Այն չկարողացավ չգնահատել անգամ Խորհրդային վարչակազմը, որը հերքում էր ցանկացած ազգային և հոգևոր արժեք: Սակայն Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հատուկ ուշադրությամբ անդրադարձ կատարվեց Ավարայրին, որում հայ ժողովուրդը գիտակցելով գնաց մահվան և հաղթեց` պահելով ազգայինը: Իսկ երկրորդ համաշխարհայինի ռազմաճակատում գտնվող հային շարունակում էր ոգևորել Վարդան Մամիկոնյանի կերպարը` հայտնի գրող  Դերենիկ Դեմիրճյանի մատուցմամբ: Սակայն Վարդանանց ժամանակը եկավ նաև Արցախյան ազատամարտի տարիներին և հայը կրկին գնաց  գիտակցված մահվանն ընդառաջ ու տարավ իր` մերօրյա  հաղթանակը:

Հին ասացվածքը վկայում է, որ բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում  տգիտությունից, իսկ Վարդանանց պատերազմի մասին պատկերացում կազմելու համար լավագույն սկզբնաղբյուրը Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունն է, այլ ոչ թե մերօրյա կեղծ գրչակները, որոնցից մեկն էլ ոմն  Համլետ Դավթյանն է:

Արմենուհի Հովհաննիսյան

ուսանողուհի


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն