ՀՀ վարչապետն ու գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված 6-րդ խորհրդաժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կոռուպցիան ամենավտանգավոր հիվանդություններից է, որը հետապնդում է մարդկությանը, և որ դեռ չկա մի այնպիսի դեղամիջոց, որը կկարողանար բուժել այդ հիվանդությունը։ Ուստի, ամեն ժողովուրդ և պետություն փորձում է գտնել այդ հիվանդությունը բուժելու իր ուղին. «Եթե պետությունը գտել է իր դեղամիջոցը այդ երևույթի դեմ պայքարելու համար, ապա այն իրավունք ունի ուժեղ համարվել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը նշել է նաև, որ մեր երկրում կոռուպցիայի տարածման հիմնական պատճառներից մեկը հասարակության տրամադրվածությունն է: Մեր հասարակությունը չի պայքարում կոռուպցիայի դեմ և չի էլ նեղսրտում այդ երևույթից: Այսինքն՝ հասարակությունը հանդուրժող է կոռուպցիայի հանդեպ.
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիներին մտահոգող առաջին հինգ բացասական երևույթների մեջ կոռուպցիան չի մտնում: Սա լուրջ ահազանգ է, քանի որ կոռուպցիան թիվ 1 չարիքն է ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ևս այսօր խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հայտարարելով, թե անկախ պետական կառուցվածքից կոռուպցիան առկա է բոլոր երկրներում: «Այն երկրում, որտեղ կոռուպցիա կա, այնտեղ չի կարող քաղաքականություն լինել: Կոռուպցիան հասարակության համար ամենածանր հիվանդությունն է: Դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ: Առաջին հերթին պետք է կանխարգելիչ և նախազգուշացնող միջոցառումներ իրականացնել, քանի որ բանտ նստեցնելով հնարավոր չէ արմատախիլ անել երևույթը: Կոռուպցիան քողարկված հանցագործություն է և դրա դեմ պայքարում կառավարությունը հասարակության աջակցության կարիք ունի»-, ասել է Աղվան Հովսեփյանը:
Իսկ, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում կոռուպցիան արմատախիլ անելու նպատակով, գլխավոր դատախազն ասել է.«Դատախազությունում ստեղծվել է հատուկ քննչական ծառայություն, որը քննում է պետական պաշտոնյաների գործունեությունը»: Ա.Հովսեփյանը նաև փաստեր է նշել` եթե 2007 թվականին դատախազությունը կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ 69 քրեական գործ է հարուցել, 2008-ին՝ 390, ապա այս տարվա առաջին 9 ամսում՝ 307:
ArmAr.am












