Ժառանգությունը պահանջում է ճանաչել ԼՂՀ անկախությունը
Ժառանգություն կուսակցության հայտարարությունը
Հայաստանի ներկայիս բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է, եւ որեւէ տարբերակով խնդրի կարգավորման արդյունքում այն չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո: Սակայն 1992-ից ի վեր Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով հրաժարվել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ կարգավիճակի խնդիրը սակարկման առարկայի է վերածվել Արցախի տարածքները` ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների մշուշապատ եւ հետաձգված “հաշտեցման”, Ադրբեջանի կողմից պատերազմ չսանձազերծելու հայեցակարգի շրջանակներում: Իրերի նման դրությունը վկայում է, որ ԼՂՀ կարգավիճակի նկատմամբ Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը չի համապատասխանում հռչակվածին:
Քանի որ ԼՂՀ կարգավիճակի քննարկումն ինքնըստինքյան սակարկության դաշտ եւ Արցախի ինքնիշխանության ավելի ցածր աստիճան սահմանելու պատուհան է բացում, այդ թվում նաեւ` տարածքային կորուստների առումով, ինչի վկայությունը ընթացող բանակցություններն ու Մադրիդյան առաջարկներն են, Հայաստանի իշխանությունների բռնած դիրքը գնահատում ենք անսկզբունքային: ԼՂՀ անկախությունը կասկածի տակ դնելու փաստը հակասում է ՀՀ եւ ԼՂՀ ազգային շահերին, ինչպես նաեւ հակառակորդներին թույլ է տալիս կասկածի տակ դնել վաղուց իվեր ինքնորոշված արցախահայության ինքնորոշման իրավունքը:
Ժառանգություն կուսակցությունը.
– հիշեցնում է, որ Արցախը եւ նրա կայացած ու տարեցտարի ամրապնդվող պետականությունը ոչ թե մարտավարություն են, որ նրա ճանաչմամբ սպառնանք Ադրբեջանին կամ միջազգային հանրությանը, այլ ազգային անվտանգության ռազմավարություն, որին պետք է օր առաջ հասնենք,
– հայտարարում է, որ ԼՂՀ անկախությունը` որպես ժողովրդի ու մարդու անօտարելի իրավունք, որն արտահայտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով եւ ամրագրվել ԼՂՀ Սահմանադրությամբ, ոչ թե քննարկման, այլ ճանաչման առարկա է: ԼՂՀ անկախությունը բանակցությունների ժամանակ, այն էլ` Արցախի օրինական ընտրված ներկայացուցիչների բացակայությամբ, քննարկման առարկա դարձնելու ցանկացած փորձ ԼՂՀ ժողովրդի իրավունքի ոտնահարում է:
– քննադատում է Հայաստանի իշխանությունների անսկզբունքային դիրքորոշումն ու ԼՂՀ անկախության ճանաչումից անհիմն հրաժարվելը:
– ճանաչում է ԼՂՀ անկախությունը եւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում հետեւել այդ որոշմանը:
– շնորհավորում է ԼՂՀ ժողովրդին դեկտեմբերի 10-ի եռակի խորհրդի` անկախության հանրաքվեի, Սահմանադրության հանրաքվեի ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ եւ զորավիգ է նրա պետականության կայացմանը:
ArmAr.am












