Ծիպիլին, Տիմբական և հայ-թուրքական հարաբերությունները
Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետի ջերմ ընդունելությունը, մեղմ ասած, զարմանքով ընդունվեց ոչ միայն հայերիս շրջանում, այլև նույն ԱՄՆ-ի դաշնակից եվրոպական երկրներում: Բարակ Օբաման երկժամյա առանձնահատուկ ընդունելություն կազմակերպեց Էրդողանի պատվին, համատեղ ասուլիսի ժամանակ էլ վերջինիս անվանեց «լավագույն ընկեր», իսկ թուրքի ներկայացրած պետությունը` «մեծ երկիր»:
Դեկտեմբերի 7-ի Ամերիկան ու նրա ղեկավարը և վերջինիս թուրք գործընկերը շատ նման էին հայտնի հեքիաթներից մեկի իրականությանը` «Ծիպիլին, Տիմբական և բոլորը»: Թե ինչն էր ստիպել Ծիպիլիի դերում հայտնված Բարակ Օբամային` նման սիրահետումների գնալ իր քաղաքականությամբ վերջին ժամանակներում շատերին (այդ թվում` ԱՄՆ-ին) անհանգստացրած պետության իշխանությունների նկատմամբ, այս օրերին արդեն մեկնաբանում են միջազգային լրատվամիջոցները և վերլուծաբաններ: Բարակ Օբաման` Թուրքիայի «Տիմբակա-ներին» մի շարք հարցերում, բառի բուն իմաստով, ստորաքարշության աստիճանի` խնդրանքներ ուղղեց: ԱՄՆ նախագահը Աֆղանստանում լուրջ խնդիրների առաջ է կանգնած: 30.000-ոց ամերիկյան զորակազմը, որ լրացուցիչ ուժի տեսքով` այդ երկիրը պետք է, վերջնականապես, մաքրի թալիբներից, թանկ է արժեցել Օբամայի վարչակազմի համար: Եվրոպական երկրներն էլ, Մեծ Բրիտանիայից բացի, չեն պատրաստվում օգնել Միացյալ Նահանգներին:
Օբամայի միակ հույսը մնում է Թուրքիան, որը ինչ-որ կերպ պետք է աջակցի աֆղանական աշխարհաքաղաքականության ամերիկյան ծրագրերին: Փոխարենը, թուրք պաշտոնյաները չմոռացան բանեցնել սեփական դիվանագիտությունը, և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով Էրդողանը, կարելի է ասել, վաստակեց ԱՄՆ լռությունը… Թուրքիայի վարչապետը Միացյալ Նահանգներում հերթական անգամ ժխտեց Հայոց Ցեղասպանության իրողությունը, ժխտեց նաև ամերիկյան վարչակարգի` ամիսներ շարունակ հնչեցվող հավաստիացումները, թե հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ կապված չեն Արցախյան հակամարտության հետ: Էրդողանը Վաշինգտոնում, բառացիորեն հայտարարեց` առանց Արցախյան խնդիրը լուծելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ դժվար կլինի: Օբաման համառորեն լռեց նաև Էրդողանի այն հայտարարության ժամանակ, թե Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանությունը հորինված է, քանի որ «մահմեդականը չի կարող ցեղասպանություն իրագործել»: Հատկապես Եվրոպայում` Թուրքիայի նկատմամբ ևս մեկ անհանգստության ալիք բարձրացրած այս հայտարարությանը ԱՄՆ ղեկավարը դարձյալ որակներ չտվեց, ավելին` Բարակ Օբաման Թուրքիայի վարչապետին խոստացավ ավելի լավ գործընկեր լինել այդ երկրի համար, քան նախորդ նախագահի իշխանության տարիներին էր:
Տեղին է հիշել հայկական հանճարեղ առակներից մեկը. չար թագավորի կյանքի համար մի կին շարունակ աղոթում է: Երբ թագավորը վերջինիս հարցնում է, թե ինչո՞ւ է աղոթում իր կյանքի համար այն դեպքում, երբ ինքը այդքան դաժանություններ է անում, կինը պատասխանում է` քեզանից առաջվա թագավորն էլ չար էր, նրան անիծեցի, եկար դու, որ ավելի չար ես: Վախենում եմ, որ քեզնից հետո եկողը շատ ավելի չար կլինի:
Բարակ Օբաման նախընտրական պայքարի ընթացքում բոլոր բեմերից հավատարմության երդումներ էր տալիս հայկական համայնքներին, թե ԱՄՆ նախագահ դառնալուց անմիջապես հետո կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, թե գրողի ծոցը կուղարկի թուրքական բարեկամությունը: Իսկ ահա, Օբամայի նախորդը` Ջորջ Բուշը, երբեք այս աստիճանի չէր խոնարհվել թուրքական հայացքի ներքո և երբեք լավագույն բարեկամ չէր անվանել Թուրքիայի ղեկավարներին:
Արդյունքում թուրքական դիվանագիտությունը ևս մեկ ցատկ կատարեց դեպի հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հակամարտության շաղկապումը: Այդ երկրում, ակնհայտորեն, գոհ են Էրդողանի ամերիկյան ելույթներից: Դա են վկայում նաև թուրքական լրատվամիջոցների կատարած հարցումները, որոնցով հասարակությունը «խիզախ» որակումն է տվել Ռեջեփ Էրդողանին:
Խոստովանենք` թուրքական դիվանագիտությունը կարճաժամկետ հատվածում դիվանագիտական մի խաղաքարտ շահեց` կորզելով Միացյալ Նահանգների ղեկավարության լռությունն ու հետևաբար` լուռ համաձայնությունը ինչպես Արցախյան խնդիրը Ադրբեջանի օգտին լուծելու, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մի շարք նախագծերում Թուրքիայի գերակա դերն ապահովելու հարցերում: Չնայած դեռ հարց է` կկարողանա՞ Թուրքիան մինչև վերջ իրագործել իր առջև դրված այս նպատակները, բայց փաստ է իրողությունը, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման անդունդը գլորեց ոչ միայն հայերիս, այլև Եվրոպայում ու նույն Միացյալ Նահանգների քաղաքացիների մոտ ունեցած իր վստահությունն ու հեղինակությունը: Վերջին հարցումներով Օբամայի վարկանիշը մի քանի օրում 6%-ով նվազել է ԱՄՆ-ում: Եթե նոյեմբեր ամսին վերջինս 53% վարկանիշ ուներ, ապա այսօր այն միանգամից հասել է 47-ի: Ցուցանիշերը իջնելու միտում ունեն: Ծիպիլին ու Տիմբական կշարունակեն, սակայն, կեղծ սիրահետումներից, ակնհայտորեն, դժգոհն ու հուսախաբ է նաև Նահանգների ռազմավարական դաշնակից Եվրոպան:
Նաիրի Հոխիկյան
ArmAr.am












