«Մարդու իրավունքների պաշտպանությունը` բոլորիս համար էություն եւ անհրաժեշտություն է». Տիգրան Սարգսյան
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. Ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանին, որը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատավական ծառայությունը:
Ողջունելով Միջազգային եւ տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներին` վարչապետը մասնավորապես նշել է.«Պետությունները պետք է իրականացնեն պրոգրեսիվ միջոցառումներ եւ ծրագրեր, որպեսզի լուսավորության եւ կրթության ճանապարհով մարդկությունն ըմբռնի մարդու իրավունքների էությունը, դրա համար ստեղծվեն համապատասխան միջավայր եւ հնարավորություններ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված արժեհամակարգը պետք է դառնա յուրաքանչյուրիս էությունը, օդի եւ ջրի նման անհրաժեշտություն, առանց որի մենք չենք կարող բարեկեցիկ կյանք պատկերացնել: Հասկանալի է, որ ժամանակակից հասարակությունն առանց մարդու իրավունքները հարգելու չի կարող զարգանալ: Կրթություն եւ գիտելիք ստացող մարդը, որ հանդիսանում է ժամանակակից հասարակության շարժիչ ուժը, չի կարող կյանքը պատկերացնել առանց ազատությունների: Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարողանա իրացնել իր սահմանադրական իրավունքները, քանի որ ՀՀ սահմանադրության մեջ արտացոլված են Մարդու իրավունքների հռչակագրի 30 հոդվածի բոլոր դրույթները՚:
Կառավարության ղեկավարը կարեւորել է 2010 թվականին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի ՙԺողովրդավարության ապագան՚ ֆորումը: Նա խոսել է նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում առկա մի նոր համագործակցության` ՙԵվրամիություն-Հայաստան՚ մարդու իրավունքների ծրագրի նշանակության մասին` ընդգծելով, որ ՙնմանատիպ միջոցառումները կարեւոր ազդակներ են հաղորդում մեր հանրությանը, մեր քաղաքացիներին»:
«Լուսավորության եւ կրթության ճանապարհով մենք Հայաստանի Հանրապետությունում կկարողանանք տարածել մարդու իրավունքները հարգելու գաղափարախոսությունը` դարձնելով այն բոլորիս համար էություն եւ անհրաժեշտություն»,- ողջույնի խոսքն ամփոփել է վարչապետը եւ կլոր սեղանի մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:
ArmAr.am












