Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Սերժ Սարգսյան. «Ձախողման են դատապարտված Թուրքիայի այն փորձերը, որ վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին»

Դեկտեմբեր 10, 2009թ. 15:20

MAR_5647 (2)ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լատվիայի  հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի համատեղ մամլո ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձավ վերջերս տեղի ունեցած Օբամա-Էրդողան հանդիպմանը, Թուրքիայի վարչապետի կողմից հնչեցված հայտարարություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված` ԱՄՆ դիրքորոշմանը, նաև ներկայացրեց հայկական կողմի այն քայլերը, որոնք կարվեն, եթե Թուրքիան ձգձքի արձանագրությունների վավերացումն ու փորձի առաջ քաշել նախապայմաններ։

«Հայաստանը երախտապարտ է բոլոր այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքական, պետական գործիչներին, որոնց միջնորդական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք անցնել այս ճանապարհը։

Միևնույն ժամանակ, այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումն ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին և Թուրքիային։ Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի դիրքորոշումը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, կապված հայկական հարցի հետ. նա իր դիրքորոշումը բազմաթիվ անգամ արտահայտել է և՜ հրապարակավ, և՜ անձնական շփումների ընթացքում։ Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի կողմից իր պատմությանն անաչառ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահն ասել է նաև Թուրքիայի խորհրդարանում։ Իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Կովկասում խաղաղություն և անվտանգություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։

Մենք, միանշանակ, դատապարտված ենք համարում Թուրքիայի կողմից այն փորձերը, որ արվում են. գիտեք, այդ փորձերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին, և Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Մեկ անգամ ևս պետք է կրկնեմ, որ այդ փորձերն` ի սկբանե, դատապարտված են ձախողման։

Ես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Նույնը ակնկալում ենք Թուրքիայից։ Բայց հիշում եք, ես նաև հայտարարել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից։ Եվ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք նախապատրաստեն լրացումներ մեր օրենսդրության մեջ այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանն ու չեղյալ հայտարարելուն։

Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ Հայաստանը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները։ Դուք գիտեք, որ այդ արձանագրություններն իմ կողմից ուղարկվել են Սահմանադական դատարան։ Գիտեք, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացնելու հունվարի 12-ին։ Այսինքն՝ մենք գործընթացը շարունակում ենք։ Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան ավելանում են խոչնդոտները։ Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել»,- հայտարարեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն