Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Մինչև ե՞րբ ջուր լցնենք Թուրքիայի ջրաղացին

Դեկտեմբեր 10, 2009թ. 19:08

manoyanԹուրքիան այս անգամ ևս կարողացավ իր տեսակետներն ընդունելի դարձնել Ամերիկայի նախագահին, և դա է հուշում այն, որ Օբաման գովաբանեց Թուրքիայի պահվածքը,  Օբաման Էրդողանի ներկայությամբ չկրկնեց Ցեղասպանության մասին իր տեսակետը, որ օրերս նամակով հայտնել էր ամերիկահայ համայնքին. «Փաստարկ» ակումբում այս կարծիքն է հայտնել  ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա  համոզմամբ` Էրդողան-Օբամա հանդիպումն իրականում համապատասխանում է Թուրքիայի շահերին:

ՀՅԴ գործիչը համոզված է, որ pատեհ առիթը ստեղծվել է, որպեսզի  Հայաստանը դուրս գա բանակցություններից, իսկ առիթն այն է, որ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարարաբերությունների բարելավման համար  նախապայման համարել Արցախի հարցը: « Հայաստանի իշխանությունները կարող են մեղադրել Թուրքիայի իշխանություններին` խաղի կանոնները փոխելու եւ բանակցությունները տապալելու համար»:

Իբրև օրինակ` Թուրքիայի կողմից բանակցությունների ընթացքի տապալման, ըստ Մանոյանի` դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից արձանագրության մասին եզրակացության հրապարակման ակնկալիքն էր, որն այդպես էլ տեղի չունեցավ: «Եվ այժմ Հայաստանը որքան շուտ դուրս գա բանակցություններից, այնքան կկրճատի ապագայում կրելիք վնասները», – համոզված է ՀՅԴ ներկայացուցիչը:

Բանախոսը ծիծաղելի է համարում Էրդողանի հայտարարությունը, թե գործադիրը չի կարող Մեջլիսի վրա ճնշում բանեցնել: «Էրդողանը ուղղակի չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել»,- նշեց Կ. Մանոյանը: Վերջինս նաև ուշացած և ոչ համարժեք է համարում ՀՀ ԱԳ-ի հայտարարությունը, ըստ որի` հայ-թուրքական երկխոսության մեջ նախապայմանների լեզվով խոսելը նշանակում է վերադարձ «փակ շրջան»:

Խոսելով, այսպես կոչված,  «ողջամիտ ժամկետի» մասին, Կ. Մանոյանը նշեց, որ Հայաստանի համար դա կարծես թե եկող փետրվար-մարտն է: Իսկ Թուրքիան անպայման մի դիվանագիտական խաղ կկարողանա բանեցնել մինչեւ ապրիլ` եւս մեկ անգամ «խանգարելով» Օբամային՝ Ցեղասպանության մասին իր չփոխված տեսակետը հայտնել:

«Իրողությունն այսօր այն է, որ Թուրքիայի համար  Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը այլեւս առաջնահերթություն չէ, Թուրքիային   հետաքրքրում է զուտ գործընթացի առկայությունը, որ զերծ մնա միջազգային ճնշումից: Եվ մենք բանակցություններին մեր մասնակցությամբ նպաստում ենք դրան, ջուր լցնում Թուրքիայի ջրաղացին»:

«Անցած տարի, երբ Թուրքիան վարչապետ, արտգործնախարար ու գլխավոր շտաբի պետ էր ուղարկում Վաշինգտոն, որպեսզի բանաձեւի կամ Օբամայի հավանական հայտարարության դեմ աշխատանք տանեն, մենք չկարողացանք մեր իշխանություններից` ո’չ նախագահից, ո’չ ԱԺ նախագահից, ո’չ արտգործնախարարից նամակ ապահովել, որ ԱՄՆ Կոնգրեսի կամ նախագահի կողմից նման բանաձեւ կամ որոշումը չի խոչընդոտի Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Այսօր այլեւս հեռու չէ ապրիլի 24-ը, ու պարզ չէ, թե պետությունը ինչպես է նշելու Ցեղասպանության 95-ամյակը: Ո’չ կառավարական հանձնաժողով կա… ոչինչ չկա: Կարող է մարտին ինչ-որ բան որոշեն, բայց դա արդեն անլրջության մակարդակը ցույց կտա այս հարցում»,- նշեց Կ. Մանոյանը:

« Թուրքիան այսօր ակտիվորեն քիթը խոթում է Ղարաբաղյան բանակցությունների տիրույթ: Այն, որ Մինսկի խմբի համանախագահները փորձում են Ղարաբաղի հարցի լուծման բանակցությունների տրամաբանությունից առաջ վազել, ենթադրում է, որ ինչ-որ մեկը ճնշում է գործադրում: Այնինչ քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ Ղարաբաղը երբեւէ կարող է կարգավիճակ ունենալ Ադրբեջանի կազմից դուրս, այս հարցում առաջընթաց չի լինի»:

Կարեւորելով բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությունը` դաշնակցական գործիչը նշեց, որ եթե Հայաստանն իր մոտեցումը չփոխի, Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին չի իրականանա: Իսկ անհրաժեշտ է, որ Հայաստանը պահանջի, որ մինչեւ սկզբունքների որդեգրումը Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: «Այլապես Ղարաբաղը միշտ ներկայացվելու է որպես խոչընդոտ»,- նշեց Կ.Մանոյանը` հավելելով, որ Ղարաբաղի իշխանություններն էլ պետք է իրենց հերթին առավել վճռական լինեն մասնակցության պահանջը ներկայացնելիս:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն