Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Վեհափառն ընդունեց ՀՊՄՀ ուսանողներին

Դեկտեմբեր 11, 2009թ. 12:35

imagesՀայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի Մշակույթի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին նույն ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի նախաձեռնությամբ և խնդրանքով ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Ողջույնից ու խրատական խոսքերից հետո Վեհափառը հույս հայտնեց, որ ներկայիս մագիստրոս լրագրողների նյութերում միայն իրականությունը կարտացոլվի և նրանք իրենց հոդվածներով կնպաստեն հոգևոր և ազգային արժեքների պահպանմանը: Վեհափառի  օրհնություն ստանալուց հետո ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին նրան:

Մագիստրոսներին հիմնականում  հետաքրքրում էր այն, թե ինչպես է փորձում Հայ Առաքելական եկեղեցին պայքարել մեր երկրում  արմատները ձգած աղանդավորական կառույցների  դեմ:  Վեհափառը , նախ  ներկայացրեց մեր եկեղեցու ներկայիս վիճակը և եկեղեցու դեմ աղանդավորների ստեղծած ծուղակները: Վեհափառը հավաստիացրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին, ցավոք, ի վիճակի չէ օգնել բոլոր կարիքավորներին, իսկ աղանդավորական կառույցները, դրսից եկող ֆինանսների  հաշվին, կարողանում են գայթակղել կարիքավորներին ու ներգրավել նրանց  իրենց շարքերը:

Սակայն, Վեհափառը նաև տեղեկացրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին իր հնարավորության սահմաններում  փորձում է օգնել կարիքավորներին: Այսօր Եկեղեցու հովանու տակ գործում են բարեգործական ճաշարաններ, որտեղ ամեն օր սնվում են մի քանի հարյուր կարիքավորներ, Եկեղեցին աջակցում է միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և դրա հետ մեկտեղ հոգում է թեմերի ծախսերը:

Ուսանողներն անհանգստացած էին նաև որոշ հոգևոր սպասավորների` հոգևորին ոչ վայել պահվածքով: Մասնավորապես, կան անձինք, որոնք ոչ այնքան հոգևոր, որքան քաղաքական գործիչներ են  հիշեցնում: Երևույթի առկայությունը Վեհափառը ևս չհերքեց, սակայն միաժամանակ փաստեց, որ հայ հոգևորականների շարքերում այսօր առավել մեծ թիվ են կազմում աստվածավախ, բարեպաշտ ու գործի նվիրյալ հոգևորականները, իսկ բացթողումներ նկատելու դեպքում յուրաքանչյուր հավատացյալ կարող է հետադարձ հասցեով գրել Մայր Աթոռին` հավատացած լինելով, որ իր նամակին անպայման կպատասխանեն:

Իսկ այն հարցին, թե որքանով է այսօր եկեղեցին միջամտում պետության գործերին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդն ասաց, որ աշխատում են չմիջամտել պետական գործերին, սակայն եթե դրա կարիքը լինում է` նաև դա է անհրաժեշտ. Վեհափառը մատնանշեց առկա վտանգները, որպեսզի գալիք սերունդները չկրեն ներկայիս սխալների պատասխանատվությունը:

Հրաժեշտից առաջ Գարեգին Երկրորդը ուսանողներին ասաց, որ նրանք իր կողմից միշտ սպասված հյուրեր են, իսկ մագիստրոսները գոհունակությամբ փաստեցին, որ ուրախությամբ կսպասեն Վեհափառի հետ հաջորդ հանդիպմանը, քանզի նման հանդիպումներն իրենց համար  պատվաբեր են և  ուսուցանող:

Արմենուհի Կարեյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն