Ինչո՞ւ թուրք դեսպանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին
Այն, որ Թուրքիայի վարչապետի այցն ԱՄՆ հեշտ չէր լինելու, կանխատեսում էին շատ քաղաքական փորձագետներ։ Բայց այն, որ բանակցությունների առաջին ակնառու դրևորումը պետք է լիներ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հրաժարականը` ոչ ոք կանխատեսել չէր կարող, քանի որ Նաբի Շանսոյը թուրքական ամենափորձառու դիվանագետներից մեկն է համարվում:
Այսօր ռուս և արևմտյան վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե քաղաքական ի՞նչ դրդապատճառների արդյունքում թուրք դեսպանը ստիպված եղավ գրել հրաժարականի դիմումը:
Էրդողանի` ԱՄՆ կատարած այցից առաջ դեսպան Շանսոյը հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանին խոստացել է աջակցել ղարաբաղյան խնդրում և երբեք քայլեր չի անի իր մտերիմ դաշնակցի դեմ։ Սակայն, չնայած սրան, Շանսոյը նաև ակնարկել էր, որ վերջին տարիների իրադարձությունները` Հարավային Կովկասի սառեցված հակամարտություններին նոր խնդիրներ են ավելացրել։ Թե ի՞նչ խնդիրների մասին է ակնարկել դեսպանը, հայտնի չէ, ու մնում է միայն ենթադրություններ անել։ Բայց ակնհայտ է, որ Թուրքիայի դեսպանը հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին իր «ուրույն» պատկերացումներն ուներ, որն ամնեևին չէր նույնանում Էրդողանի մոտեցումների հետ:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Թուրքիայի դեսպանը՝ Անկարայից ստացած հանձնարարականի համաձայն, Սպիտակ տան հետ պետք է համաձայնեցներ 2+2 ֆորմատով հանդիպում, այսինքն՝ հանդիպում պետք է տեղի ունենար նաև Թուրքիայի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի միջև, որը, սակայն, տեղի չունեցավ։ Եվ ահա, այդ` չկայացած հանդիպման համար Թուրքիայի վարչապետը մեղադրում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին։ Սակայն, բացառված չէ, որ դրանում մեղավոր է ոչ թե դեսպանը, այլ այն, որ Սպիտակ Տունը վերջին պահին փոխել է իր մտադրությունն ու չեղյալ հայտարարել հանդիպումը, ինչին, պարզապես, Շանսոյն անտեղյակ է եղել։
Սակայն, թե արևմտյան, թե ռուս վերլուծաբանների աչքից չի վրիպել, որ չնայած այս «տեխնիկական» բացթողմանը, դիվանագիտական սկանդալի հիմնական պատճառը հայ-թուրքական հարաբերություններն են և այս խնդրի հետ կապված` Էրդողանի ու Շանսոյի հակադիր մոտեցումները:
Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը համարվում են ցյուրիխյան արձանագրությունների հիմնական սցենարիստները։ Իսկ հիշյալ սցենարի համաձայն, Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները և դրանով իսկ հրաժարվի շաղկապել հայ-թուրքական արձանագրությունները ղարաբաղյան հակամարտության հետ։ Սակայն, ինչպես հայտնի է, այս խնդրում այլ կարծիքի է վարչապետ Էրդողանը: Թե ինչու է Արձանագրությունների ստորագրումը շաղկապում Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, Էրդողանը սրա բացատրությունը փորձեց տալ Օբամային` վերջինիս հետ կայացած առանձնազրույցում: Նա ասել է որ եթե մինչև ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիան բացի հայ–թուրքական սահմանը, ապա դրանով կփշրի թուրք-ադրբեջանական կապերը: Էրդողանը նույնիսկ անկեղծացել է, որ դա վատ հետևանքներ կունենա Թուրքիայի իշխող կուսակցության համար` առջևում ընտրություններ են և այդ քայլը կարող է հիասթափեցնել թուրք ընտրողներին։
Ու չնայած Էրդողանի այս «անկեղծացումներին», հիշյալ առանձնազրույցի ժամանակ Օբաման նաև հստակ շեշտել է այն հանգամանքը, որ եթե Թուրքիայի խորհրդարանը չեղյալ հայտարարի արձանագրությունները, ապա առավել քան կմեծանա ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության օրինագծի ընդունման հավանականությունը։
ArmAr.am












