Ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի համար ռազմավարական նշանակություն ունի
Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի հարակից թաղամասերը, իսկ ըստ քաղաքի ջրամատակարարման համակարգի` 4-րդ և 5-րդ գոտիները, արդեն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Դեկտեմբերի 10-ին մեծ շուքով տեղի է ունեցել այդ գոտիները սնուցող ջրամբարի բացումը: Արարողությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք և, իհարկե, բնակիչները:
Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մերձակա բարձունքում կառուցված ջրամբարը, որ 2000 խ/մ ծավալ ունի, լուծում է չորրորդ և հիգերորդ գոտիներից սնուցվող բնակարանների մշտական ջրամատակարարման խնդիրը: Արդյունքում` արդեն մշտական ջուր ունեն համար 9 դպրոցն ու հարակից տասնյակ ձեռնարկությունները, բնակելի տները:
Սա Ստեփանակերտի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիրի ձեռքբերումներից է:
Ջրամբարի շինարարությունը Ստեփանակերտի քաղաքապետի անմիջական վերահսկողությամբ իրականացրել է «Վիրաժ» ընկերությունը: Նախագծի և նախահաշվի կազմման գործում լուրջ ներդրումներ են ունեցել «Հայջրնախագիծ» ընկերությունը և Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանը:
Չորրորդ և հիգերորդ գոտիների շուրջօրյա ջրամատակարարումը ապահովելու համար կառուցվել է 2 ջրամբար` 2000 խ/մ ծավալով, կառուցվել է գլխավոր ջրատարն ու տեղադրվել է 560 ջրաչափ, ու այսօր 560 ընտանիք շուրջօրյա ջրամատակարարում ունի:
Հանդիսավոր օրը` շինարարությանը մասնակցած մի խումբ բարեխիղճ ու նվիրյալ աշխատողների Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքաելյանը հանձնեց պատվոգրեր:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












