Թուրքերը նաև ասորիների ցեղասպանության իրականացնողներն են
«Վեց ամսվա ընթացքում երտթուրքերն այնքան բան արեցին, որքան չկարողացան անել հին թուրքերը վեց դարերի ընթացում»
Ասորիների համաշխարհային միության տարածաշրջանային քարտուղար Հերմիզ Շահենը ասորիների ցեղասպանությանը նվիրված հուշարձանը Սիդնեյ քաղաքի Ֆերֆիլդե արվարձանում տեղադրելու առաջարկի կապակցությամբ ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է. «Անհերքելի փաստ է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան իշխանությունների կողմից Թուրքիայում սպանվել են ավելի քան 750 հազար քրիստոնյա ասորիներ, ինչը ցեղասպանություն է: Հայերի, ասորիների ու հույների նպատակադրված ոչնչացումը Օսմանյան Թուրքիայի քաղաքական գաղափարախոսության մասն էր, որ ուղղված էր քրիստոնյա փոքրամասնության վերացմանը, և ջանքերը` միտված Թուրքիային այդ փաստերին դեմ հանդիման կանգնեցնելուն, կնպաստեն այդ երկրում ժողովրդավարացման գործընթացին: Դա նաև երաշխիք կլինի, որ Թուրքիան գիտակցում է իր որոշ պարտավորությունները` պաշտպանելու փոքրամասնությունների իրավունքները և ապագայում կանխելու ցեղասպանության հնարավորությունը»:
Սիդնեյում Թուրքիայի հյուպատոս Ռենան Սեքերօղլուն հերքել է Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանության փաստը և ավելացրել, որ հուշարձանը տեղադրելու թույլատվությունը կարող է փչացնել ավստրալական և թուրքական իշխանությունների հարաբերությունները:
1914-18 թթ. պատերազմի տարիներին բնաջնջման ենթարկված ասորիների թիվը նախապես հաշվվում էր 250 հազարի: 1919-ին «Ֆրանսիական Ասիա» պարբերականը նշում է, որ «ասորիների կոտորածները հիշեցնում են հայկական ջարդերը: Եվ քանի որ 250 հազար նահատակներ ունեցած այս ժողովրդի մասին ավելի քիչ է խոսվել, ուստի պետք է այդ մասին հայտնել աշխարհին»:
Հետագայում, երբ սկսվեցին ուսումնասիրվել Առաջին աշխարհամարտի, ինչպես նաև տարեգրության ժամանակ տեղի ունեցած կոտորածները, պարզվեց, որ նահատակվածների թիվը հասնում է 500-ից 750 հազարի:
1916-ի նոյեմբերին «Նյու Յորք թայմսում» բժիշկ Վ. Ռոքվելին «Հայերի և ասորիների զոհերի թիվը» վերնագրով հոդված է տպագրում, որտեղ պատմելով հայկական կոտորածների մասին` ավելացնում է. «Միայն հայերը չեն, որ անբախտ են, ասորիներին նույնպես ոչնչացրեցին և յուրաքանչյուր տասներորդին հնձեցին… Այդ ազգի ներկայացուցիչներից շատ շատերը կործանվեցին, սակայն ոչ ոք չգիտի, թե որքան…»:
Ամերիկյան մեկ այլ պարբերական` «Atlantik Monthly» թերթը, գրում է. «Վեց ամսվա ընթացքում երիտթուրքերը այնքան բան արեցին, որքան չկարողացան անել հին թուրքերը վեց դարերի ընթացքում:… Հազարավոր ասորիներ անհետացան աշխարհի երեսից»:
Աշոտ Գաբրիելյան












