Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ

«Գուցեև Թուրքիան ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել է այս քայլերը»

Դեկտեմբեր 12, 2009թ. 15:45

SafrastyanԹուրք-քրդական հակասությունների շուրջ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակիցը զրուցեց  ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ

Թուրքայիում այսօր տեղի ունեցող թուրք-քրդական օրեցօր աճող լարվածությունը, բախումները հնարավո՞ր է  թուրք-քրդական զինված ապստամբության վերաճել։

-Առաջին անգամ չէ, որ Թուրքիայում արգելվում է քրդական կուսակցության գործունեությունը. եթե չեմ սխալվում, սա երկրորդ դեպքն է, ուստի՝ այն նորություն չէ նաև քրդերի համար։ Կարծում եմ, որ ներկա փուլում «Քրդական բանվորական» կուսակցությունն ուղղակի անհրաժեշտ ռազմական պոտենցիալ չունի, որպեսզի զինված ապստամբություն սկսի։

Իսկ Թուրքիայի վրա ի՞նչ արտաքին ճնշումներ կարող են գործադրվել։ Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել ազգային փոքրամասնություններին լռեցնող, բայց դրանով իսկ դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիան։

-Կարծում եմ, որ, այո, արտաքին ճնշումներն առաջին հերթին կգան Եվրամիությունից, որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում հակասում է եվրոպական արժեքներին։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա չեմ կարծում, որ ամերիկացիները ճնշում կգործադրեն թուրքերի վրա։ Չի կարելի բացառել նաև, որ այս սցենարը  քննարկվել  էր Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ:  Կարծում եմ, որ այս ամենի  նպատակն է` նոր քրդական կուսակցության ստեղծումը։

– Ձեր ակնարկից կարելի է ենթադրել, որ քրդական կուսակցության արգելման այս ողջ գործընթացքը նախապես  պայմանավորված էր ԱՄՆ-ի հետ։

-Չէ, չեմ կարծում, որ այս հարցում երկու երկրների միջև եղել է նախնական պայմանավորվածություն, քանի որ քրդական այդ  կուսակցության դեմ  դատական գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվանից։ Այսօր, ուղղակի, այն հասավ իր հանգուցալուծմանը։ Բայց կարծում եմ, որ այս գործընթացը կհանգեցնի նրան, որ  Թուրքիայի քրդական մտավորականությունը, քրդական քաղաքական ու հասարակական շրջանակները շատ արագ կստեղծեն նոր կուսակցություն։ Ամենևին բացառված չէ, որ հենց այս տարբերակին էլ սպասում են Թուրքիայի ղեկավարները, գուցեև Թուրքիան` ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել է այս քայլը, որպեսզի նոր մարդիկ գան քաղաքական թատերաբեմ, որոնց հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվածություններ ձեռքբերել մի շարք հարցերի  շուրջ:

Տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը, Թուրքիայի նկատմամբ բավական մեղմ վերաբերմունք  են դրսևորում: Վստահաբար կարելի է ասել, որ եթե Թուրքիայի փոխարեն մեկ այլ երկիր լիներ Արևմուտքի արձագանքը շատ ավելի խիստ  ու կոշտ էր լինելու:

-Շատ ճիշտ է նկատում, և դա ունի իր պատճառները. առաջին հերթին Արևմուտքը հաշվի է առնում Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը և նրա նշանակությունը: Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքի համար մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը հետին պլանում են:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն