Տեղի է ունեցել ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 25-րդ նիստը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 25-րդ նիստին մասնակցող կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Միջպետական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են երկու տասնյակ հարցեր: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով: ՀՀ կառավարական պատվիրակության աշխատանքային օրը Սանկտ Պետերբուրգում սկսվել է Բ. Ելցինի անվան նախագահական գրադարան այցով: Այնտեղ տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի նիստ նեղ կազմով, որը շարունակվել է ընդլայնված կազմով:
Քննարկումների առանցքում ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններում հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ ընթացքի ապահովումն է եւ ջանքերի միավորումը` ուղղված կազմակերպության որդեգրած հիմնական նպատակների իրականացմանը:
Ողջունելով ներկաներին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նշել է, որ համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում, հաջողությամբ են ընթանում Մաքսային միասնական միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորման գործընթացները:
Նիստում անդրադարձ է արվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորմանը, ՙՆորարարական Բարձր տեխնոլոգիաներ՚ միջպետական ծրագրի հաստատմանը, ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների դրամային քաղաքականության հիմնարար սկզբունքների, կրթության եւ հավատարմագրման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի եւ պարենային անվտանգության հայեցակարգի նախագծերին: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները:
Կառավարությունների ղեկավարների ուշադրությանն է արժանացել նաեւ այն ապրանքների եւ տեխնոլոգիաների ցանկը, որոնց արտահանումը հատուկ վերահսկողության է ենթարկվում: Այն վերանայվել է եւ լրացումների ենթարկվել: Վարչապետները քննարկել են նաեւ մի շարք այլ նախագծեր, այդ թվում` ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետությունների` ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների ռեկուլտիվացիային վերաբերող հարցեր:
Նիստի ավարտին քննարկվել են կազմակերպչական հարցեր: Այնուհետեւ գործադիր մարմինների ղեկավարները հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երեւան:
Համաժողովի աշխատանքը լուսաբանող հայ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է օրակարագի երկու կարեւոր խնդիր` Հակաճգնաժամային հիմնադրամի աշխատանքը եւ Ինովացիոն հիմնադրամի ձեւավորումը, որոնց շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: ՙՄենք հավաքագրել ենք ութ նախագծեր, որոնք ունեն ինտեգրացիոն բովանդակություն, եւ կարող ենք հակաճգնաժամային ծրագրի վարկային միջոցներից ակնկալիքներ ունենալ: Դրանք շուրջ 500 մլն դոլարի հասնող ենթակառուցվածքային վարկային ծրագրեր են, որ ընդգրկում են էներգետիկայի, քիմիայի եւ այնպիսի այլ ոլորտներ, որոնք պարունակում են համագործակցության եւ ինտեգրացիայի միտումներ՚,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Թե ինչու Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի անդամ չէ, այլ հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով հարցին վարչապետը պատասխանել է, որ մենք ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ ուղղակի սահման չունենք. ՙԴիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք այդ երկրների հետ խորացնենք եւ ընդլայնենք մեր բոլոր տեսակի հարաբերությունները: Ինչպես նշեցի, 20 համաձայնագիր կա, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին: Մենք շահագրգռված ենք այդ համաձայնագրերի մասնակիցը լինել եւ մեր հարաբերություններն ընդլայնել ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ, որովհետեւ դա բխում է մեր տնտեսական, քաղաքական շահերից: Դիտորդի կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս մի կողմից տեղյակ լինել, թե ինչպիսի զարգացումներ են գնում ԵվրԱզԷՍ-ի ներսում, ինչ խնդիրներ կան, որտեղ Հայաստանը կարող է իր մասնակցությունը բերել ծրագրերին: Բնականաբար, դա նպաստում է, որպեսզի մենք, լինելով առավել տեղեկացված` օգտվենք ընձեռվող հնարավորությունից»- մանրամասնել է վարչապետը:
ArmAr.am












