Համ կուսակցություն են փակում, համ ժողովրդավար ձևանում
Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հետ կապված երկրի տարբեր շրջաններում արդեն երրորդ օրն է քրդերը բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ավարտվում են ցուցարարների և ոստիկանների լուրջ բախումներով:
Անկարայում երեկ միաժամանակ հանրահավաք է անցկացրել նաև Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցությունը: Վերջինիս ղեկավար Դեվլեթ Բահչերին իր ելույթում դեմ արտահայտվելով քրդական կուսակցության փակմանը, ասել է, թե այդ քայլն անօրինակ է, և պետք է միջոցներ ձեռնարկել հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Նա նաև խոսել է «ազգային միասնության և եղբայրության մասին» և հայտարարել` կուսակցության դռները բաց են բոլոր ցանկացողների առջև:
Թուրքիայի մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինն էլ, լրագրողներին հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում կուսակցություններ փակելու երևույթը մերժելի է: Նա շեշտել է, որ Եվրոպան նման երևույթները համարում է ոչ ժողովրդավարական: Եվ քանի որ այսօր Թուրքիայում տեղի ունեցող բռնությունները Եվրոպային դուր չեն գալիս, հարկ է, որ Թուրքիան փոփոխություններ կատարի իր գլխավոր օրենքում`Սահմանադրության մեջ և քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենսգրքում: Մեհմեդ Ալի Շահինը նաև ակնարկել է, որ մինչ օրս Թուրքիայի կառավարությանը «չի հաջողվում» այդ փոփոխությոններն իրականություն դարձնել:
Թուրքիայում օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու մասին հաճախ է բարձրաձայնվում, սակայն, դրանք ամենևին էլ կյանքի չեն կոչվում:
Հասկանալի է, թե որն է դրա իրական պատճառը. ի վերջո, Թուրքիայի նպատակը ոչ թե ժողովրդավարական երկիր դառնալն է (Թուրքիան ցանկության դեպքում այդպիսին չի էլ կարող դառնալ, քանզի դրանում նրան առաջին հերթին խոչընդոտում է թուրքի մենթալիտետը), այլ իր մե~ծ երազանքի իրականացումը, այն է` Եվարմիության անդամակցումը, իսկ դրա համար ընդամենը հարկ է Եվրոպայի աչքին մի~ քիչ ժողովրդավար ձևանալ:
ArmAr.am












