«Արմենիա» առագաստանավը խարիսխ է գցել Բուենոս Այրեսում
Ս.թ. դեկտեմբերի 10-ին «Արմենիա» առագաստանավը ժամանել է Բուենոս Այրես եւ խարիսխ գցել «Յախտ ակումբի» նավահանգստում: Արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին եւ անձնակազմի անդամներին դիմավորել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, նավահանգստի ղեկավարությունը, արգենտինահայ համայնքը:
Դիմավորման արարողությունը սկսվել է Հայաստանի, Արգենտինայի եւ Արցախի օրհներգերով: Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես են եկել Գիսակ արք. Մուրադյանը եւ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Հավաքվածներին խոսք է ուղղել արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը: Արարողությունն ավարտվել է «Մասիս» պարախմբի ելույթով:
Նախատեսվում է, որ առագաստանավը կկայանի Բուենոս Այրեսում մինչեւ 2010թ. ամառը: Արշավախումբը Բուենոս Այրեսում կմնա 10 օր, այդ ընթացքում կիրականացվեն առագաստանավի կայանման համար անհրաժեշտ աշխատանքները, այնուհետեւ նավի անձնակազմը կվերադառնա Հայաստան: Բուենոս Այրեսում գտնվելու ընթացքում Զորի Բալայանը եւ անձնակազմի անդամները բազմաթիվ հանդիպումներ կունենան տեղի համայնքային կառույցներում եւ հայկական դպրոցներում:












