Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Վահան Հովհաննիսյան.«Եթե խորհրդարանն ազատ քվեարկի, այդ արձանագրությունները չեն վավերացվի»

Դեկտեմբեր 14, 2009թ. 15:59

vahanՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով 2009թ. քաղաքական առանձնահատկությունները, կորուստներն ու ձեռքբերումները նշեց, որ անցնող տարում կորուստներն ակնհայտորեն ավելի շատ էին։ Նրա խոսքով՝ տնտեսական դաշտում, չնայած կառավարության ճիգերին, հաջորդ տարվա բյուջեն զարգացման ու կայունության բյուջե չի կարելի անվանել, այն ավելի շատ գոյատևման բյուջե է։ Այդ հանգամանքը չի կարելի միայն օբյեկտիվ պայմաններով բացատրել, որովհետև  ՀՅԴ գնահատականով՝ դա  ՀՀ կառավարության սխալ քաղաքականության հետևանք է։

Վ.Հովաննիսյանn  առավել մանրամասնորեն անդրադարձավ  հայ-թուրքական արձանագրությունների խնդրին. «Ամենակարևոր իրադարձությունը, որն ալեկոծեց մեր հասարակությունը` Հայաստանում և Սփյուռքում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արագընթաց և ոչ մտածված ձևն էր։ «Ապրիլի 23-ի գիշերը Շվեյցարիայի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ համատեղ մեր արտգործնախարարությունը հայտարարություն հրապարակեց, որտեղ արդեն մատնանշեց, որ պատրաստ է Ճանապարհային քարտեզը և ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Մինչդեռ  այդ հարցի վերաբերյալ մեզանում լուրջ քննարկում չի եղել։ Կառավարությանն ուղղված մեր վերջին հարցապնդումը` փաստաթղթերի նախաստորագրման և ստորագրման հետ կապված ընթացակարգերը պահպանելու վերաբերյալ, որևէ մեկնաբանություն մեզ չներկայացվեց, ինչն ինքնին վկայում է, որ նախապատրաստական փուլը կատարյալ համարել չի կարելի։ Մեզ համար պարզ էր, որ այս ձևով որոշում կայացնող իշխանությունների հետ մենք այլլևս համատեղ անելիք չունենք»,- ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ՀՀԿ համագումարում հնչած ՀՀ նախագահի ելույթին՝ Վահան Հովհանիսյանը նկատեց, թե նախագահի խոսքի ամենից հետաքրքրական պարբերությունը համարում է այն, որ իշխանությունը հասկացավ, որ ինքն ամենախելացին չէ։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այն արտահայտությանը, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց` դա բնավ չի նշանակում, թե նա, ով ինչ- որ բան անում է, անպայման դատապարտված է սխալվելու. «Կարելի է անել ու չսխալվել։ Դրա համար պետք է հարցնել նրանց, ում քեզանից ոչ պակաս խելացի ես համարում»,- ընդգծեց Վ. Հովհանիսյանը։

Վ.Հովհանիսյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ արևմուտքի ճնշումները հետագայում էլ կշարունակվեն, որովհետև այդ խնդրի շուրջ ամբողջ գործընթացն ինքնին ճնշումների արդյունք է։ Սակայն, նկատի առնելով ՀՀ նախագահի վերջին ասուլիսում հնչեցրած այն միտքը, ուր ակնարկվում էր, թե արձանագրությունները հնարավոր է որ անվավեր ճանաչվեն, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց. «Եթե ՀՀ նախագահը պինդ կանգնել է Հայաստանի շահերը պաշտպանողի դիրքերում, դա կարելի է միայն ողջունել»։

Հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհին մեր իշխանություններին Վ. Հովհանիսյանն առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը. հետևելով Ռ.Էրդողանի խոսքերին ՀՀ նախագահը պետք է ասի, որ մենք ժողովրդավարական երկիր ենք և մեզ մոտ գործադիր իշխանությունը չի կարող կանխորոշել կամ ճնշել խորհրդարանի քվեարկության վրա, ուստի խորհրդարանում ազատ է քվերարկություն կիրականացվի. «Ես ձեզ վստահեցնում եմ, եթե խորհրդարանն ազատ քվեարկի, այդ արձանագրությունները չեն վավերացվի։ Բայց կան նաև այլ սցենարներ. Հայաստանը կարող է առաջ քաշել վերապահումներ։ Դրանց հիմքը կարող է դրվել նաև Սահմանադրական դատարանում։ Վերապահումներ, որոնք ոչ թե ուղղակիորեն կմերժեն բանակցային գործընթացում ծնված փաստաթղթերը, այլ կբարեփոխեն դրանք։ Եվ եթե Թուրքիան այդ բարեփոխումների հետ կհամաձայնվի, շատ  լավ, եթե ոչ՝  ուրեմն բանակցությունները կսկսվեն բոլորովին մի նոր փուլից»,-ընդգծեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն