«Մադրիդյան սկզբունքներով փորձ է արվում գնալ հետևանքների վերացման ճանապարհով»
Բազմիցս նշվում է այն հանգամանքը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց է արձանագրվել, միևնույն ժամանակ շեշտվում է նաև այն փաստը, որ դրանց հիմքում դրված են «Մադրիդյան սկզբունքները»: Սակայն, արդյո՞ք, հնարավոր է, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա` ինչ-որ առաջընթաց ակնկալել. ArmAr.am-ի լրագրողի հարցին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասաց. «Նայած, թե ո՞վ, ի՞նչ է հասկանում առաջընթաց ասելով։ Մեր տեսակետից «Մադրիդյան սկզբունքներն» ինքնին հետընթաց է։ Եթե ինչ- որ մարդիկ «Մադրիդյան սկզբունքները» առաջընթաց են համարում, դա նրանց մոտեցումն է։ Բայց «Մադրիդյան սկզբունքները» մենք անընդունելի ենք համարում, որովհետև դրանցից հանված է հիմնախնդրի հիմնական առանցքը` ինչո՞ւ սկսվեց պատերազմը։ Փաստորեն, «Մադրիդյան սկզբունքներն» ավելի շատ գործ ունեն պատերազմի հետևանքները, այլ ոչ թե պատերազմի պատճառները վերացնելու հետ։ Բայց դու չես կարող վերացնել հետևանքները՝ չվերացնելով պատճառը։ Որովհետև, եթե պատճառը վերացված չլինի, այդ հետևանքները նորից մի օր ի հայտ կգան»։
Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ դա է պատճառը, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում ավելի շատ շեշտադրվում է տարածքների վերադարձի, այլ ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Ղարաբաղի կարգավիճակը մնում է հեռավոր, մշուշոտ ապագայում, որպես ինչ–որ անհասկանալի հանրաքվեի արդյունք։ Անհասկանալի, որովհետև հանրաքվե իրականում արդեն եղել, է և նորը ոչնչով չի կարող նրանից տարբերվել»,- ընդգծեց Վ. Հովհանիսյանը։
Վ.Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հանրաքվեի արդյունքները չեն ընդունում ադրբեջանցիները և ասում են, թե իրենք դրան չեն մասնակցել։ «Ուրեմն, կարելի է եզրակացնել, որ նրանց համար հանրաքվեի արդյունքներն ընդունելի կլինեն միայն այն դեպքում, երբ կմասնակցեն ադրբեջանցիները։ Իսկ սա նշանակում է` ավելի շուտ լուծել փախստականների վերադարձի հարցերը, ասել է, թե` մենք դարձյալ գործ ունենք հետևանքների հետ։ Բայց պատերազմի, հակամարտության բուն պատճառն, ի վերջո, Ադրբեջանի սկսած ագրեսիան էր՝ ղարաբաղի բնակչության խաղաղ պահանջի դեմ։ Այդ պահանջն անտեսել, չվերացնել պատերազմի պատճառը, ու գնալ միայն հետևանքների վերացման ուղղությամբ, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»:
Վահան Հովհաննիսյանը նկատում է, որ Մադրիդյան սկզբունքներով փորձ է արվում գնալ հետևանքների վերացման ճանապարհով, ինչը հայկական կողմի համար անընդունելի է:
ArmAr.am












