Ադրբեջանի «ժողովրդավարական» դեմքը
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին: Խոստումները բազմաթիվ են, սակայն անհասկանալի է, թե տոտալիտար և ոչ ժողովրդավար երկրում, որտեղ անխնա հալածվում են ոչ միայն ազգային փոքրամասնությունները, այլև լրագրողները, ինչպե՞ս են իրականացվելու այս խոստումները: Եթե չլիներ վախը եվրոպական պետությունների և հնարավոր պատժամիջոցների նկատմամբ, Ադրբեջանում ուղղակի կոչնչացնեին ընդդիմադիր բոլոր լրագրողներին: Սակայն Ադրբեջանի ածխաջրածինների պաշարները հաշվի առնելով` Արևմուտքն առայժմ հանդուրժում է անձի պաշտանմունքին բնորոշ հատկանիշներ դրսևորող այս երկրի բռնապետական ղեկավարությանը:
Դեկտեմբերի 11-ին Միջազգային ժողովրդավարական շարժման նախաձեռնությամբ Բաքվում իր աշխատանքներն էր սկսել «Կառավարության և քաղաքացիական հասարակության հարաբերությունների զարգացում» թեմայով միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտի ղեկավար Հաջիլին ասել է, որ այս տարվա ընթացքում զրպարտության մեղադրանքով 9 լրագրողներ ձերբակալվել են, որոնցից 2-ը դեռ ազատազրկված են:
Ըստ Հաջիլիի` վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանում ֆիզիկական բռնություններ են կիրառվել 350 լրագրողների դեմ: Հարուցված գործերից միայն երեքն են որոշ արդյունքներ տվել: Շատ դեպքերում հետաքննություն ընդհանրապես չի իրականացվել: Վերջին տարիներին ոչ միայն դադարեցվել են օրենսդրական դաշտի բարեփոխումները, այլև ընդհակառակը` նկատվում է որոշակի հետընթաց: Նա բերել է լրատվամիջոցներին վերաբերող մի շարք օրենքների բացասական փոփոխությունների օրինակներ, որոնք ընդունվել են 2008 թվականին:
Հաջիլին նշել է նաև, որ լրատվամիջոցներին և լրագրողներին պաշտպանելու օրենսդրական նախաձեռնություններով պետք է հանդես գան հասարակական բոլոր առողջ ուժերը:
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմին Հուսեյնովի կարծիքով` գործադիր իշխանության իրականացրած փոփոխություններից հետո, Ադրբեջանի մամուլի խորհրդին իրավունք է վերապահված պարբերականների աշխատանքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնել դատարան: Ադրբեջանում տպագիր մամուլը կորցրել է իր ազդեցությունը, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցների, հեռուստաալիքների և ռադիոյի աշխատանքներն անբավարար են: Հուսեյնովը քննադատել է հեռուստաընկերությունների աշխատանքը` փաստելով, որ, չնայած օրենքի պահանջին, համայնքներին չի մատուցվում վստահելի, հավասարակշռված և բազմակողմանի տեղեկատվություն:
Հուսեյնովն անդրադարձել է նաև նախընտրական քարոզարշավի խնդրին և ասել, որ թեկնածուներին պետական բյուջեից սնվող հեռուստալիքները պարտավոր են ելույթների հնարավորություն ընձեռեն. եթե 2005 թվականի ընտրությունների ժամանակ AZTV հեռուստաընկերությունն ազատ եթեր ապահովում էր, ապա վերջին ընտրությունների ժամանակ դա արգելվել էր: Ադրբեջանում ոչ միայն չեն գործում շրջանային FM ռադիոալիքներ, այլև Սումգայիթում այդպիսի ռադիոալիք ստեղծելու խնդրանքը կառավարական մարմինները մերժել էին:
«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհմեն Ալիևի կարծիքով, «Ադրբեջանում ազատ լրատվամիջոց ստեղծելու պայմաններ չկան: 1998 թվականին կառավարությունը որդեգրեց ԶԼՄ-ների տնտեսական հիմքերը խարխլելու գաղտնի քաղաքականություն»: Ըստ նրա` թղթի գինն արհեստականորեն բարձրացվեց, դատական գործեր հարուցվեցին այն թերթերի դեմ, որոնք թեև տնտեսապես թուլացել էին, սակայն անկախ էին: Դրան զուգահեռ ավելացան բռնություններն ու հալածանքներն անկախ թերթերում աշխատող լրագրողների նկատմամբ: Մեհմեն Ալիևը հավելել է նաև, որ զրպարտության համար սահմանված տուգանքը նվազել է, քանի որ լրագրողներն արդեն այնքան ակտիվ չեն, որքան նախկինում: Նա նշել է, որ եթե լրատվամիջոցները տնտեսապես անկախ լինեն, ապա անկախ կլինեն նաև մյուս բոլոր առումներով:
IREX կազմակերպության Ադրբեջանի ներկայացուցիչ Ալասգեր Մամադլիի կարծիքով, մամուլի խորհրդի և պետական այլ կառույցների մամուլի թողարկումները փակելու գործունեությունը խիստ բացասական ազդեցություն է ունենում: Նրա խոսքերով` Ադրբեջանում գործող մամուլի աջակցության հիմնադրամը ձևական բնույթ ունի և այդ կազմակերպության գործունեությունը որակեց որպես պարբերականները կախվածության մեջ գցելու միջոց:
Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Ասաբալի Մուստաֆաևն առաջարկել էր տարբեր ուղղություններով աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել առանձին կազմակերպություն:
ArmAr.am












