Քրդամետ կուսակցության լուծարման արձագանքներն իրանական մամուլում
Ինչպես հայտնի է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց քրդերի շահերը պաշտպանող, շուրջ 4 տարի առաջ ձևավորված «Դեմոկրադական հասարակություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին: Սա երկրի բնակչության 20 տոկոսը (15 միլիոն) կազմող քրդական միակ կուսակցությունն էր, որն այդ երկրի խորհրդարանում ուներ 21 ներկայացուցիչ:
Եթե Թուրքիայի այդ քայլը լայն արձագանք գտավ միջազգային ԶԼՄ-ներում, և գնահատվեց ոչ ժողովրդավարական, ապա նկատենք, որ նրա փոքր եղբայր Ադրբեջանը, ոչ միայն պաշտոնապես որևէ կերպ չի արձագանքել կատարվածին, այլև այդ երկրի առաջնային լրտվամիջոցներում ևս այդ մասին տեղեկությունները խիստ սուղ են:
Ադրբեջանական «Trend» գործակալությունը բավարարվել էր լոկ այնքանով, թե թուրքական իշխանությունները ցրել են «PKK»-ի ահաբեկչական ցանցի» կողմնակիցների բողոքի ցույցերը, ինչի ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան:
Իսկ թուրք- քրդական բախումների մասին ի՞նչ են գրքում իրանական ԶԼՄ–ները.
Մասնավորապես, իշխանամետ խոշոր գործակալությունները 3-4 օր գրեթե լուռ էին: Հանգամանք, որն անշուշտ, պետք է բացատրել Անկարայի` իսլամամետ իշխանությունների հետ բարեկամական հարաբերություններ վարելու քաղաքականությամբ:
Ի դեպ, նկատենք, որ Թուրքիան հակվելով դեպի Միջին Արևելք, ձգտում է ոչ միայն Իրանի հետ մրցակցել` իր ազդեցությունը տարածելու հարցում, այլև փորձում է գրավել նրա տեղը, անգամ փորձում է Արևմուտքում ստանձնել Իրանի հովանավորի դերը: Սակայն հազիվ թե դա Անկարային հաջողվի:
Ի վերջո, դեկտեմբերի 14-ին իրանական «Farsnews» և «Jahannews» գործակալություններն անդրադարձել են թուրք-քրդական լարվածության խնդրին: Վերջինս « Թուրքերի և քրդերի միջև բախումներ Ստամբուլում» վերնագրի ներքո գրել է, որ քրդական մի կուսակցության (DTP) լուծարման առիթով, թուրք ազգայնականների, քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ:
Իրանական լրատվամիջոցները շեշտում են այն հանգամանքը, որ թուրք ազգայնականները դանակներով փորձել են հարձակվել քրդերի վրա, բայց ոստիկանները միջամտել են: «Jahannews»-ը նշել է նաև, որ զինված ուժերը վերահսկում են քաղաքը, փակվել են քրդական կուսակցության գրասենյակ տանող բոլոր ճանապարհները:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ












