Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցին պատկանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն, ի պատասխան Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու առնչությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի հղած գրության, հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբության հետ:
Գերագույն Ռադայի նախագահը հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որևէ փոփոխություն չի լինելու: Սբ. Խաչ եկեղեցին շարունակելու է գտնվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանության ներքո` որպես հոգևոր-եկեղեցական նշանակության կառույց:
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմում արդեն իսկ հոգևոր սպասավորության է կոչվել Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով թեմակալ առաջնորդի իշխանության ներքո իր ծառայությունն է բերելու իբրև Ղրիմի առաջնորդական փոխանորդ և Սբ. Խաչ վանքի վանահայր, հայտնում են Մայր Աթոռից:
Հիշեցնենք, որ Ղրիմի իշխանությունների որոշմամբ, վանքը դեկտեմբերի 1-ից համարվում է Ղրիմի ժողովրդագրական թանգարանի բաժին, սակայն չէր արգելվել ծիսակատարությունների անցկացումը: Պատճառը, ըստ Ղրիմի իշխանության ներկայացուցիչների, վանքի հոգեւոր սպասավորների արատավոր գործելակերպն է եղել: Հուսանք, որ վանքի նոր սպասավորը չի կրկնի նախորդի արկածները:
ArmAr.am












