«Մենք Թուրքիայի ղեկավարների բանավոր հայտարարություններին չենք վստահում»
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է Պոլսի «Ակօս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին
«Մենք Թուրքիայի ղեկավարների բանավոր հայտարարություններին չենք վստահում: Մենք վստահում ենք միայն նրանց գրավոր հայտարարություններին: Երբ էրդողանը Բաքվում ինչ-որ բան է ասում, դա ինձ համար կարևոր չէ, քանի որ Թուրքիա վերադառնալուց հետո նա մի այլ բան է ասում: Եվ հետո Թուրքիայի ղեկավարներ ներքին ու արտաքին քաղաքականությունները խիստ տարբեր են»:
Լրագրող Արիսի կարծիքով Թուրքիան հիմնականում հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանի բացման հետ կապված հայտարարություններն անում է` Ադրբեջանի շահերից ելնելով. դրանք ուղղված են միայն ադրբեջանական լսարանին: Բայց իրականում, ըստ նրա, Հայաստանի հետ վարվող իրական քաղաքականությունը չի պայմանավորում Ադրբեջանով: Նույն «քաղաքականությամբ» առաջնորդվում են նաև թուրքական ԶԼՄ-ները. «Թուրքիայում արդարամիտ, հստակ լրատվամիջոցներ չեն գործում, նրանք էլ սուտ են գրում: Հատկապես, շատ են գրում Ադրբեջանի մասին, քանի որ Ադրբեջանում թուրքական թերթեր շատ են կարդում»:
Թեպետ «մեծ և փոքր եղբայրների» մասին պատմությունն այդքան էլ սուտ չէ, այնուամենայնիվ, Ադրբեջանն էլ իր քաղաքականությունն է իրականացնում, որը հաճախ հակադրվում է Թուրքիայի քաղաքականությանն ու շահերին: Արիսը պատմում է. «Երբ թուրքերն ուզում էին Կիպրոսի խորհրդարանում ունենալ թուրք պատգամավոր, Հայաստանը կողմ քվերարկեց այդ որոշմանը, իսկ Ադրբեջանը` ոչ:
Այսօր նմանատիպ երեք խնդիր կա` Կոսովո, Կիպրոս, Ղարաբաղ: Կոսովոյի հարցը լուծված է, եթե Կիպրոսն էլ լուծվեր, ուրեմն պիտի «այո» ասեին նաև նաև Ղարաբաղի անկախությանը: Այդ պատճառով նրանք այլևս ոչինչ չեն կարող անել»:
Իհարկե, Հայաստանն էլ ունի իր քաղաքականությունն ու շահերը: «Ակոսի» խմբագիրը կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը և Ղարաբաղի հարցի մասին պետք է խոսեն նաև ղարաբաղցիները, այսինքն մասնակցեն բանակցություններին»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա նրա կարծիքով այն վտանգները, որ կարող են սպառնալ Հայաստանի տնտեսությանը, պետք է կանխվեն պետական ճիշտ քաղաքականությամբ և կանխիչ միջոցառումների կիրառմամբ. «Օրինակ` թող պետությունը սահմանի, որ Թուրքիայից եկած գործարարը 40 տոկոսից ավել եկամուտ չի կարող ունենալ…»
Անի Աբովյան
ArmAr.am












