Թուրքիայի ներքին քաղաքականության արյունոտ հետևանքները
Համաքրդական բողոքի ալիքը Թուրքիայում օրեցօր ավելի է ահագնանում: Դեկտեմբերի 11-ին Ստամբուլից մեկնարկած բողոքի ցույցերն ու քայլերթերը վերջին օրերին շարունակվեցին Իզմիրում, Մերսինում, Իգդիրում, Հաքքարիում, իսկ այսօր ու այս պահին էլ լարված իրադրություն է Արևմտահայաստանի Մշո նահանգում:
Թուրքական «Sabah» օրաթերթի լրատվական կայքը տեղեկացնում է, որ Մուշի Բուլանըք գավառում արտակարգ լարված դրություն է: Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» քրդական կուսակցության Բուլանըք գավառի գրասենյակի առջև տեղի է ունեցել չարտոնված ցույց, որին, ըստ թուրքական լրատվամիջոցների մասնակցել է շուրջ 5000 մարդ:
Քուրդ ցուցարարների գործողությունները հետզհետե դարձել են անկառավարելի: Վերջիններս սկսել են քարկոծել թուրք ոստիկաններին: Բողոքի այդ միջոցառումները Մուշում ողբերգության են վերածվել: Անհայտ անձը ճամփեզրին գտնվող արհեստանոցից կրակ է բացել ցուցարարների վրա, որի հետևանքով սպանվել է երկու մարդ, յոթ հոգի էլ վիրավորվել են:
Այն, որ նման ողբերգության պատճառը թուրքական իշխանությունների վարած ապաշնորհ ներքին քաղաքականությունն է, երկու կարծիք լինել չի կարող: Սպասվում է, որ Թուրքիայում բնակվող միլիոնավոր քրդերը դեռ առաջիկայում էլ բազմիցս կաթվածահար կանեն թուրք հասարակության անդորրը:
ArmAr.am












