Ի՞նչ մտահոգություններ ունի թուրքական հասարակական կարծիքը
Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները սուր քննադատության են ենթարկվում թուրքական ընդդիմության, լրագրողների և մի շարք վերլուծաբանների կողմից, որոնք շարունակվում են ուղղակիորեն մեղադրել նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայաստանին զիջումների գնալու և «ադրբեջանցի եղբայրներին դավաճանելու» համար:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Դենիզ Բայքալը և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, հետևողականորեն դատապարտում են Թուրքիայի իշխանություններին` ընդգծելով, որ վերոհիշյալ արձանագրությունները չեն բխում Թուրքիայի ազգային շահերից, որ փաստաթղթերում բացակայում է «Ղարաμաղի հարցը», ինչն էլ, ինքնըստինքյան, անհնար պետք է դարձներ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև: Դենիզ Բայքալը նույնիսկ կարծիք է հայտնել, որ արձանագրությունների ստորագրումը լրջորեն վտանգում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, և թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը չպետք է դառնան «թուրքական կառավարության սխալի զոհը»: Նա նաև ասել է. «Ցու՜յց տվեք ինձ մի այնպիսի երկիր, որի եղբայրները գտնվում են պատերազմի մեջ, նրանց սպանում են, իսկ նրանք սեղմում են իրենց եղբայրների թշնամիների ձեռքը»:
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման նախապայմանների առաջադրման «փաստարկումը», կարծես թե ավանդական էր դարձել հիմնահարցով զբաղվող թուրք վերլուծաբանների համար, քանզի ԽՍՀՄ փլուզումից և Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից հետո Թուրքիայում իշխանության եկած բոլոր կառավարությունները (Սուլեյման Դեմիրելի, Թանսու Չիլերի, Մեսութ Յըլմազի, Նեջմեթթին Էրբաքանի, Բյուլենթ Էջևիթի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի) Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «զգայուն» կետը միշտ էլ, փաստորեն, դիտարկել են բացառապես թուրք–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:
Թուրք քաղաքական վերնախավի, գիտական ու լրագրողական ընտրանու ներկայացուցիչների զգալի մասը, պարզապես, չի կարող չկրել Հայաստանին նախապայմաններ առաջադրող նախկին հայտարարությունների ու հրապարակումների «բեռը»: Բնականաբար, այդ լրագրողներն ու վերլուծաբաններն այսօր նույնպես հայտարարում են, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարները և իշխող «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունն «արտաքին ուժերի ճնշման տակ» նահանջ են գրանցել Հայաստանի նկատմամբ ճնշումներ կիրառելու քաղաքականությունից` «հայկական ագրեսիայի դեմ միայնակ թողնելով եղբայրական Ադրբեջանին»:
Միաժամանակ, թուրքական ԶԼՄ-ները լայնորեն արձագանքում են ադրբեջանական ԶԼՄ-ներում շեփորվող հիասթափությանը, իսկ Ադրբեջանում քիչ չեն հրապարակումները, որոնք նպատակաուղղված են հաշտեցնելու սեփական հանրությանը այն մտքի հետ, որ որոշակի ձգձգումներից հետո ցյուրիխյան արձանագրությունները վերջիվերջո վավերացվելու են Թուրքիայի խորհրդարանի կողմից, քանի որ իշխող կուսակցությունն այնտեղ ունի ճնշող մեծամասնություն:
Հատկանշական է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման տնտեսական շահավետության հիմնավորմամբ` ավանդաբար հանդես են գալիս թուրք–հայկական գործարար համաժողովի հիմնադիր–նախագահ Քաան Սոյաքը և փոխնախագահ Նոյան Սոյաքը: Սոյաք եղբայրներին ընդդիմախոսող թուրք վերլուծաբանները շարունակում են պնդել, որ Հայաստանը, հայոց սփյուռքի ներդրումներով հանդերձ, փոքր ու փակ երկիր է, Թուրքիան Հայաստանի հետ արդեն ունի առևտրական հարաբերություններ, որոնք իրականացվում են` գլխավորապես Վրաստանի, նաև Իրանի միջոցով, իսկ եթե թուրքական ապրանքներն ուղղակիորեն մտնեն Հայաստան, ապա տեղի կունենա դրանց գների կտրուկ անկում, ինչը, սակայն, թուրքական ապրանքների նկատմամբ հայաստանյան շուկայի պահանջարկը էապես չի մեծացնի: Թուրք փորձագետների հաշվարկով Հայաստանի հետ թուրքական առևտրի ծավալը երբևէ չի գերազանցել 250 միլիոն ԱՄՆ դոլարը: Եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ ավելի մեծ բնակչություն ունեցող Վրաստանի և Ադրբեջանի հետ Թուրքիայի առևտրի ծավալներն այս թվերից շատ չեն տարբերվում, ապա հայաստանյան շուկան թուրքական ընկերությունների համար առանձնապես գրավիչ չի կարող լինել, իսկ արևելյան շրջաններում զբաղվածության մակարդակի բարձրացման մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Ըստ թուրք ընդդիմախոսների` սահմանի բացումից առավելապես օգտվելու են Արևմուտքի վերազգային ընկերությունները և Հայաստանը: Եթե անգամ սահմանի բացումը կարող է աշխուժացնել արևելյան մի քանի քաղաքների առևտուրն ու արհեստները, ապա, ըստ ընդդիմախոսների` համեմատած մյուս արժեքային կորուստների` դա շատ փոքր ձեռքբերում է:
Փաստորեն, Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության «զգայուն» հարցում նախապայմաններից հրաժարվելու մեջ մեղադրվող, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հովանավորների առջև պատասխանատվություն ստանձնած Թուրքիայի ղեկավարները չեն կարող չանել հայտարարություններ` մեղմելու սեփական հանրային տրամադրությունները, բայց, միևնույնն է, այդ հայտարարությունների անկեղծությունը կրկին կասկածի տակ է դրվում թուրքական ընդդիմության կողմից:
Ալեքսանդր Սաֆարյան
պատմական գիտությունների թեկնածու












