Ո՞ր լսարանին է ուղղված Ադրբեջանի ռազմատենչ քարոզչությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դեկտեմբերի 12-ին հերթական անգամ հայտարարել էր, թե հակամարտության կարգավորման ուժային տարբերակը «միշտ իրական է»:
Սակայն հետաքրքիրն այն է, որ` օրինակ, «day.az» ինտերնետային կայքը նրա հայտարարությունը տարածել է միայն ռուսերեն լեզվով: Մինչդեռ, անգլերեն նորություններում այն բացակայում է և, առհասարակ, «day.az» -ում Աբիևի անվան վերջին հիշատակումը եղել է օգոստոսի 1-ի լուրերում:
Փաստն ակնհայտորեն ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հստակ առաջադրանք են կատարում, այն է` թե ո՞ր լուրը ո՞ր լսարանին մատուցել. հայկակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ արևմտյան:
Ու քանի որ ադրբեջանական անգլեալեզու կայքերում աբիևյան հոխորտանքները բացակայում են, բնականաբար, հասկանալի է դառնում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները նախատեսված չեն Արևմուտքի հասարակայնության համար: Այսինքն`դրանք ուղղված են հայկական լսարանի լսելիքին, իսկ գլխավոր նպատակը` հայ հասարակությանը լարված պահելն է:
Ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների մյուս հասցեատերը օտարերկյա պետությունների կառավարություններն են, որոնց` նման բովանդակությամբ հայտարարություններն հասցվում են, օրինակ, Ադրբեջանում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդների միջոցով:
Օրինակ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովն ու ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Ռամիզ Նաջաֆովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույց էին անցկացրել, որպեսզի հայտարարեն, որ եթե ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, ապա «Ադրբեջանը պատրաստ է բռնազավթումից ազատել իր հողերը»:
Մնում է իրազեկված լինել ադրբեջանական քարոզչամեքենայի վերոնշյալ մեխանիզմներին և ամենևին լուրջ չվերաբերվել այդ փուչ հոխորտանքներին:
ArmAr.am












