«Կոմիտաս լսելիս անհավատը բարեպաշտ է դառնում»
Դեկտեմբերի 15-ին հնդկահայերը տոնախմբեցին Մեծն Կոմիտասի 140-ամյակը, որը տեղի ունեցավ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճում:
Դահլիճի հանդիասավոր վերաբացումը կատարվեց Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն աբեղա Հովհաննիսյանի և Հնդկաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանի կողմից:
Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական գրական-երաժշտական ծրագիրը պատրաստել էին Մարդասիրական ճեմարանի ուսուցչուհիներ Նախշուն Դուրգարյանը և Անժելա Մանուկյանը:
Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես եկան ճեմարանի սաները` հիացմունք պատճառելով հյուրերին:
Ներկաներին իր խոսքը ուղղեց Հայր Խորեն Հովհաննիսյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը կարևորելով Կոմիտասի անգնահատելի ավանդը հայ հոգևոր մշակութային ժառանգության մեջ` ի մասնավորի ասաց. «…Կոմիտաս լսելիս անհավատը բարեպաշտ է դառնում: Ով սեր չունի հոգում, Կոմիտաս լսելիս սիրահարվում ու Սոնա յար է երգում: Կոմիտաս լսելիս տարագիր հայը կռունկի թևերով տունդարձի ճամփան է բռնում: Կոմիտաս լսելիս մշակն էլ իր քրտինքը խառնում է հողին, որ ցորենհացը ամբարը լցվի»:
ArmAr.am












