Թուրքիայի արյունոտ անցյանի հերթական քարե վկան` Սիդնեյում
Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Սիդնեյում շուտով կանգնեցվելու է ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող արձան: Նախօրեին Սիդնեյի Fairfield շրջանի ղեկավարությունը հաստատել է «Ասորիների համաշխարհային միության»` այդ շրջանի կենտրոնական այգում ասորիների ցեղասպանության հուշակոթող կանգնեցնելու մասին առաջարկը: Թուրքական աղբյուրներն ընդգծում են, որ ասորիները նման հաջողության կարողացան հասնել հայկական ու հունական լոբբիստական ուժերի աջակցությամբ:
Ի դեպ` «CnnTur»-ի հաղորդմամբ` իրենց ցույցի ժամանակ ասորիները ծածանել են նաև հայկական դրոշ:
Fairfield շրջանի ՏԻՄ ղեկավարության ժողովին մասնակցել են ասորական և թուրքական համայնքները ներկայացնող պատվիրակությունները: Բայց ինչպես հայտնել է թուրքական պատվիրակության ղեկավար, Ավստրալիայի Նոր Հարավային Վելս կոմսության թուրքական կազմակերպությունների խորհրդի նախագահ Դուրսուն Ջանդեմիրը, քննարկման ժամանակ իրենց չի տրվել ձայնի իրավունք, և հուշարձան կանգնեցնելու մասին նախագիծը հաստատվել է:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 11-ին Ջանդեմիրը Ավստրալիայում բնակվող թուրքերին կոչ էր արել ինտերնետային արշավ սկսել և կանխել այդ հուշակոթողի կանգնեցումը:
2007-ին Ցեղասպանագետների միջազգային ասոցացիան հրապարակել էր իր հետազոտության արդյունքը, ըստ որի, 1914-1923թթ. թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին, հույներին, ասորիներին և պոնտոսցիներին: Ցեղասպանված ասորիների թիվը, ըստ տարբեր ուսումնասիրությունների, կազմում է մինչև կես միլիոն: Նախորդ դարասկզբին թուրքերի իրականացրած սպանդի հետևանքով շուրջ մեկ միլիոն ասորիներից այսօր Թուրքիայում պաշտոնական տվյալներով բնակվում է 17 հազարը:
ArmAr.am












