Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը անվանակոչել է Անդրանիկ Մարգարյանի անվամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Ախթալա քաղաք եւ Բարիտ թաղամասում մասնակցել գազատարի բացմանը, որն ուղեկցվել է խորհրդանշական ջահը վառելու ավանդական արարողությամբ:
Թաղամասի գազիֆիկացումը կատարվել է ՀՀ կառավարության եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աջակցությամբ:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը ականավոր պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի պատվին անվանակոչելու հանդիսավոր միջոցառմանը: Շուրջ 130 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատությունը հիմնանորոգվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Հյուրերը շրջել են կրթարանում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին եւ համակարգչային դասարանի հնարավորություններին:
Դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնվել Ախթալա քաղաքի «Ոսկե նուռ» շքանշանի առաջին օրինակը:
Տիգրան Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները բացել են լուսահոգի վարչապետի հուշատախտակը: Միջոցառումը շարունակվել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:
ArmAr.am












