Մամեդյարովը պատրաստվում է ժամանել Անկարա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25 պաշտոնական այցով ժամանելու է Թուրքիա: «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Մամեդյարովի այցի ընթացքում փոխադարձաբար հանվելու է երկու երկրների միջև ներկայումս գործող վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը:
Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը` ընդգծելով. «Դրանում ոչ մի կասկած չկա»:
Հիշեցնենք, որ Թուրքիան վիզային ռեժիմը հանել է նաև Սիրիայի, Լիբիայի և Հորդանանի հետ:
Թուրք դեսպանը նաև հայտնել է, որ նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարարի հետ Անկարայում քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև` ղարաբաղյան հիմնախնդիրը:
Հուլուսի Քըլըչը մեկ անգամ ևս բարձրաձայնել է այն մասին, որ քանի դեռ վերջ չի դրվել հայկական «օկուպացիային», թուրքական մեջլիսը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Ազերի եղբայրների քիմքին հաճո այս հայտարարությամբ թուրք դեսպանը ակնհայտորեն նպատակ է հետապնդում փակել թուրք-ադրբեջանական հարաբերություններում առաջացած այն ճեղքերը, որոնք գոյացել էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու Բուրսայում կայացած ֆուտբոլային հանդիպաման ժամանակաընթացքում: Երբ այդ ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ծագել էր «դրոշների պատերազմ», թուրք վերլուծաբաններն արդեն սկսել էին հարցականի տակ առնել «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի կենսունակությունն ու ճշմարտացիությունն ընդհանրապես:
ArmAr.am












