Ինչո՞ւ է նորից խցանվում Մյասնիկյան պողոտան
Մայրաքաղաղի հյուսիսային հատվածներում ապրող բնակիչներին, ինչպես նաև Մյասնիկյան պողոտայով երթևեկող մեքենաների ու տրանսպորտային միջոցների վարորդներին երեկ երeկոյան արդեն նոր «անակնկալ» էր սպասվում։ Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում փողոցը կիսով չափ փակվել էր։ Հասկանալի էր մի բան, որ այստեղ կրկին շինարարական աշխատանքներ են սպասվում։ Երևանցիները դեռ չեն մոռացել այս պողոտայում ծայր առած երկարատև շինարարարությունը, որի պատճառով, ամիսներ շարունակ՝ խցանված պողոտայով երթևեկելը ժամեր էր տևում։
Մի կարճ ժամանակ պողոտան բարեկարգ, ընդարձակ, ու ազատ երթևեկելի էր։ Երևի ժամանակից շուտ ուրախացանք… դարձյալ սկիզբ է առել հերթական շինարարությունը…
Երեկ երեկոյան արդեն պողոտայի սկզբից մինչև վերջ ձգվում էր ավտոմեքենաների երկարատև շարքը։ Նույն իրավիճակն էր նաև այսօր առավոտյան։ Եվ ինչպես պարզվեց պատկան մարմինների հետ մեր զրույցից, այս իրավիճակը դեռ երկար է շարունակվելու…
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանից տեղեկացանք, որ փողոցը փակվել է, քանի որ Համաշխարհային բանկի ծրագրով ջրագիծ է այնտեղ անցկացվում։ Գ. Խաչատրյանը նշեց, որ աշխատանքների ընթացքը կախված է եղանակային պայմաններից։ «Հենց որ եղանակը վատացավ, տեղումներ եղան, աշխատանքները կդադարեցվեն»։
Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ նման լայնածավազ աշխատանքը սկսվեց ցրտերն ընկնելու պես, մի՞թե հնարավոր չէր այդ գործը ամռանն անել կամ սպասել մինչև գարուն: Մեր հարցադրմանն ի պատասախան` քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետն ընդգծեց, թե այդ աշխատանքը նախատեսված է իրականացնել 2009 թվականին և գումարը տրամադրված է ա’յս տարվա համար: Ստացվում է, անկախ նրանից եղանակները բարենպաստ են, թե ոչ գործը պետք է սկսել:
Գ. Խաչատրյանը խորհուրդ տվեց. «Ավելի մանրակրկիտ տեղեկություն ստանալ ԾԻԳ-ից. «Դա նրանց ծրագիրն է»։
ԾԻԳ-ի Համայնքային ծրագրերի զարգացման գրասենյակի տնօրեն Գառնիկ Ալեքսանյանից էլ տեղեկացանք, որ ջրագծի կառուցումը կապված է Կենտրոն համայնքի ջրամատակարարման բարելավման խնդրիրների հետ։ Նրա խոսքով՝ Երևանի հյուսիսային մասում՝ Ավան Առինջում, ավելացած ջրաքանակը, որը նպատակահարմար չէ այնտեղ օգտագործել, քանի որ Ավանը շուրջօրյա ջրամատակարարում ունի, «բերելու են» Աբովյան պուրակ, որտեղից սպասարկվում է Երևանի կենտրոն համայնքը. «Սրանով հնարավոր կլինի ավելի բարելավել Երևանի կենտրոնի ջրամատակարարումը»,- ասաց. Գ. Ալեքսանյանը։
Աբովյան պուրակից մինչև Աղի հանք` աշխատանքները կընթանան մի քանի փուլով։
Այսինքն՝ Մյասնիկյան պողոտան մինչև Աղի հանք մաս-մաս կքանդվի։
Նա ևս ընդգծեց, որ աշխատանքների ավարտը կախված է եղանակային պայմաններից, և ամենայն հավանականությամբ գարնանը, դրանք կավարտվեն։
Իսկ թե ինչո՞ւ ավելի հարմար եղանակի չսպասեցին, քանի որ մեր ունեցած տեղեկություններով այդ ծրագրի մեկնարկը պետք է ամռանը տրվեր, հետևյալ պատասխանը ստացանք. «Համաշխարհային բանկում գնումների պլան, ժամանակացույց է հաստատվում։ Մրցույթ է հայտարարվել, հաղթող է ճանաչվել։ Այդ հաղթողը պայմանագիր է մեզ հետ կնքել, մենք չենք կարող նրան ասել՝ գիտես, սպասիր` գարնանը սկսիր գործը։ Գարնանը գները կարող են թանկանալ կամ էժանալ, հարցեր կան։ Իհարկե ես հասկանում եմ, ցանկալի չէր էս ձմեռով սկսել աշխատանքը։ Ես էլ եմ դա շատ լավ հասկանում, բայց ի՞նչ արած՝ պայմաններն այս են»։
Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ եղանակային պայմանները հենց վաղն էլ կարող են վատանալ, ու առաջին ձյան հետ մինչև գարուն աշխատանքների ընթացքը դադարեցվի, բոլորի համար պարզ է դառնում, թե ինչի համար էր այս ամբողջ խառնաշփոթը…
Մի՞ թե այս մասին չեն մտածել նրանք, ովքեր «շահել» են մրցույթը և հնարավոր չէ՞ր արդյոք, շինանյութը ձյան տակ, փողոցում պահելու փոխարեն, այն պահեստավորվել ու սպասել գարնան գալուն` առանց բնակչության համար տրանսպորտային այսչափ դժվարություններ ստեղծելու։ Պարզվում է, չէ, հնարավոր չէր։ Որովհետև այս ամենից հաստատ շահում են ինչ-ինչ անձինք։ Ովքեր նոր տարվա շեմին մի լա~վ կշփեն սեփական ձեռքերը…
Իսկ թե ո՞վ է տուժում՝ պարզից էլ պարզ է. մարդիկ, ովքեր ծառայողական մեքենաներով չեն երթևեկում, ովքեր երթուղայիններում երկտակված՝ կրկնակի ժամանակ պետք է ծախսեն ժամանակին դասի ու աշխատանքի հասնելու համար…
Գոհար Փիլթոյան












