Թուրք լրագրող. «Մեր կառավարությունն այնքան է օգտագործել Ղարաբաղ բառը, որ…»
«Արձանագրությունները կվավերացվեն ոչ թե իրական քայլի դեպքում, այլ նաև այն դեպքում, եթե գոնե հույս հայտնվի, որ Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ որևէ իրական քայլ է սպասվում»,- ասում է թուրքական «Cumhurriet»-ի լրագրող Օգզուր Ուլուսովը:
Վերջինս մի շարք թուրք լրագրողների հետ միասին մասնակցում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (Թուրքիա) կազմակերպած հայ եւ թուրք լրագրողների հանդիպմանը, որն անցկացվում է դեկտեմբերի 17-20-ը:
Ընդունելով հանդերձ, որ հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղի մասին որևէ կետ չկա նշված, նա կարծում է, որ Թուրքիայի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում այնքա~ն է շրջանառել Ղարաբաղյան հարցը, որ «ուզած-չուզած պիտի այդ հարցում գոնե սիմվոլիկ առաջընթաց գրանցի, որպեսզի կարողանա հանգիստ սրտով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները», -ArmAr.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Օգզուր Ուլուսովը:
Թուրք լրագրողը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման միակ «խոչընդոտը» համարում է Հայոց Ցեղասպանությունը. «Եթե միջազգային հանրությունը հանգիստ թողնի ցեղասպանության հարցը, ապա հայ-թուրքական հարաբերությունները կլավանան: Բայց երբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում Թուրիքայի վրա` ցեղասպանության միջոցով, դա վատացնում է հայ-թուրքական հարաբերությունները»:
Իհարկե, այսօր դեռ թուրքի համար, անկախ նրանից` նա լրագրող է, քաղաքական գործիչ, թե սովորական քաղաքացի, դժվար է գիտակցելը, որ խնդրի լուծում ոչ թե Հայոց Ցեղասպանության հարցը «հանգիստ թողնելն է», այլ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկսված գործընթացից, նա նկատեց, թե հարաբերությունների բարելավման գործընթացն սկսվեց, քանի որ այն` բացի Հայաստանից ու Թուրքիայից, շահեկան է նաև այլ պետությունների համար` ԱՄՆ-ի, Ռուսաստան-ի, Եվրամիության:
Քննարկման մյուս թուրք մասնակիցների պես Ուլուսովն էլ կարծում է, որ հայկական կողմը պետք է որևէ «ժեստ» անի, որից հետո Թուրքիան կվավերացնի արձանագրությունները (ի դեպ` նրանք չեն նշում, թե կոնկրետ ինչ ժեստ են ակնկալում):
ArmAr.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ ժեստի մասին է խոսքը, երբ Թուրքիան ինքն է փակել սահմանը և հետո, չնայած Հայաստանը կարող էր խոսել նախապայմանների լեզվով, օրինակ` մինչև Թուրքիան չճանաչի Հայոց Ցեղասպանությունը` հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող, բայց մի բան էլ թուրքական կողմն է ինչ-որ ժեստերի մասին ակնարկում:
Ի պատասխան մեր հարցին, թուրք լրագրողը դիվանագիտորեն ժպտաց. «Ես իշխանություն չեմ: Ասել չեմ կարող»: Հետո էլ հավելեց. «Պարզապես խնդիրն այն է, որ երկու կողմերն էլ ֆիքսված են Ղարաբաղյան խնդրի վրա…ու գործը առաջ չի գնում»
Նկատենք, որ Թուրքիայից ժամանած «լրագրողները» շատ ավելի դիվանագետներ են, քան լրագրողներ և բարդ իրավիճակներում արագ փորձում են «դիվանագիտորեն» խուսանավել հարցի պատասխաններից: Համոզվել ենք, որ նման իրավիճակներում նրանք մշտապես նույն բանն են կրկնում.«Ես իշխանություն չեմ: Ես լրագրող եմ»:
ArmAr.am












