Տիգրան Սարգսյան.«Փուլ առ փուլ զինծառայողներին կարողանում ենք ապահովել բնակարաններով»
Այսօր Արմավիրի մարզում, Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը մինչ այդ Արմավիր քաղաքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը. «Արմավիրի մարզում մեր արտագնա նիստը սկսեցինք տոնական տրամադրությամբ, քանի որ պաշտպանության նախարարության կողմից այսօր բնակարաններ հանձնվեցին զինծառայողներին եւ դա, բնականաբար, ոգեւորում է մեզ, որ փուլ առ փուլ զինծառայողներին կարողանում ենք ապահովել բնակարաններով, եւ նույնիսկ այս ճգնաժամի պարագայում էլ այդ կարեւորագույն խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է:
Փոխվարչապետի հետ այցելեցինք նաեւ շինարարական հրապարակներ, որտեղ մեծ թափով ոռոգման համակարգը վերակառուցելու աշխատանքներ են կատարվում: Արձանագրում ենք, որ այդ բնագավառում բավականին լուրջ հաջողություններ ունենք, որովհետեւ, ըստ գերմանական փորձագետների, ծրագիրը բավականին որակով եւ արդյունավետ է իրականացվում:
Միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ լուրջ ներդրումներ են կատարվում, եւ շուրջ 84 կմ ոռոգման համակարգ կունենանք: Այսինքն, երկու տարի հետո, այս ոռոգման համակարգի շնորհիվ Արմավիրի գյուղատնտեության ոլորտում որակապես նոր միջավայր է ձեւավորվելու: Ուրախալի է, որ հազարից ավելի աշխատողներ այսօր ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներին մասնակցում են, եւ ինչպես մեր շինարարները հավաստիացրեցին, նվազագույն աշխատավարձը 120 հազար դրամ է, ինչը վատ չէ», – ասել է վարչապետը:
ArmAr.am












