Գլխավոր » Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վերլուծական

«Jahannews». Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը

Դեկտեմբեր 18, 2009թ. 10:55

uchebnikԻնչպես հայտնի է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան, հանդիպել իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հետ: Այնուհետեւ նրանք համատեղ մամուլ ասուլիս են տվել, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարվել է, թե Իրանին գազ վաճառելու հարցում կողմերը համաձայնության են եկել:

Հատկանշական է, որ եթե ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են այցը, ապա Իրանի հայտնի լրատվական գործակալություններում այցի վերաբերյալ տեղեկություններ գրեթե չկան: Փոխարենը իրանական ԶԼՄ-ները այլ լրատվություն են տարածում: Այսպես. իրանական  «Jahannews» գործակալությունը  «Պատմության խեղաթյուրում եւ Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններ» վերնագրով տեղեկություն է տարածել, որտեղ նշվում է, թե Բաքվի իշխանությունը խեղաթյուրելով պատմությունը, Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններ է ներկայացնում` դպրոցական դասագրքերում Իրանի 9-ը նահանգները, այդ թվում Գիլանն ու Մազանդարանը համարում ադրբեջանական տարածքներ:

«Jahannews»-ը գրում է, որ  Արանի տարածքում ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունում հակաիրանական քաղաքականությունը բուռն զարգացում ունցավ Էլչիբեյի օրոք: Հավելելով, որ ադրբեջանական դասագրքերում նշվում է,թե 500 տարի առաջ Ադրբեջան անունով երկիր է եղել, որի բաղկացուցիչ մասն էին կազմում Թավրիզն ու Արդաբիլը և ընդգծվում,  թե իբր իրանցիները Մեծն Կյուրոսի ժամանակներից Ադրբեջանի նկատմամաբ զավթողական քաղաքականություն են վարել:

Ըստ երեւույթին նման տեղեկության հրապարակումը պատահական չպետք է համարել, հաշվի առնելով, որ իրանցի գիտնական Բահրամ Ամիրահմադյանը 2005թ. Թեհրանում  լույս տեսած «Իրանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունները» ստվարածավալ գրքում հանգամանորեն  անդրադարձել է ադրբեջանական խեղաթյուրումներին` այն  համարելով  վերջիններիս կողմից ազգային ինքնությունը հաստատելուն միտված քայլ:

Իրանցի գիտնականը մանրակրկիտ ուսումնասիրել է Ադրբեջանի պատմության դասագրքերը` 5-րդ դասարանից մինչեւ ուսանողների համար նախատեսված բուհական գրքերը, որոնք տպագրվել են այդ երկրի կրթության նախարարության հաստատմամբ: Ուսումնասիրության մեջ  նշվում է, որ  պատմության դասագրքերում առանցքային են այն թեմաները, որոնք վերաբերվում են  Ադրբեջանի, այսպես կոչված, ազգային եւ հոգեւոր արժեքներին: Դասագրքերում Ադրբեջան ասելով նկատի է առնվում ոչ թե այդ երկրի  այժմյան սահմանները, այլ այն իր մեջ է ընդգրկում Իրանի հյուսիս-արեւմտյան հատվածը (էջ 189):  Ադրբեջանին իբրեւ պատմական երկիր ներկայացնելու նպատակով, պատմությունը հիմնվել է հակաիրանական առանցքի վրա, դասագրքերում ի սկզբանե շեշտվում է, թե պատմական Իրանի արքաները ձգտել են զավթել «Ադրբեջան»ը, ինչը զավեշտի հասնող կեղծիք է: Նաեւ նշվում է, որ «Հարավային Ադրբեջանը» այդպես էլ մնացել է Իրանի ձեռքում (էջ190):

Ամիրահմադյանը Ադրբեջանի պատմության դասագրքերը, ընդհուպ դասավանդման մեթոդիկան, իրանցի գիտնականներին ադրբեջանցիների խեղաթյուրմուներին ու իշխանությունների տեսակետներին ծանոթացնելու նպատակով թարգմանել է պարսկերեն, որտեղ նշում է, որ ադրբեջանցիները ոչ միայն Իրանի պատմությունն են ամբողջությամբ խեղաթյուրում, այլև իրենցն են համարում իրանցի հանրահայտ մեծություններին` Նիզամիին, Խաղանիին, Ֆազլոլլա Համեդանիին, Խաջենասրդեին Թուսիին, Շահրիյարին, Սաթարխանին (Իրանի Սահամանադրական հեղափոխության հերոս) եւ այլն:

Նրանք ադրբեջանական են համարում նաև Իրանի մեծ թվով քաղաքներ` Թավրիզը, որը համարում են իրենց «մեծ մայրաքաղաքը», (Ի դեպ, Հայաստանի մայրաքաղաք Երևանը ևս` նույն ձեռագրով իրենցն են համարում), Արդաբիլը, Ուրմիան, Մարաղան եւ այլն: Այսպես օրինակ` 2002թ. տպագրված  5-րդ դասարանի պատմության դասագրքի  («Աթայուրդ» -հայրենի երկիր) կազմի կապույտ ֆոնի վրա դեղին գույնով պատկերված Ադրբեջանի քարտեզը` ներկա սահմաններով, անշուշտ, ներառյալ ԼՂՀն և ազատագրված տարածքները, իսկ բաց դեղինով նշված են «Մեծ Ադրբեջանի» սահամանները, որի մեջ մտնում են Իրանի` Արդաբիլի, Արևելյան եւ Արևմտյան Ադրբեջանի, Համադանի եւ Ղազվինի նահանգները, մուգ կապույտով` Ուրմիո լիճը, արեւմուտքից` գրեթե Հայաստանի ողջ տարածքը, հյուսիսարեւմտյան կողմից`Վրաստանի արեւելյան եւ հյուսիսից` Դաղստանի հարավիային հատվածները:

Ադրբեջանական դասագրքի հակաիրանական բնույթը ներկայացնելու նպատակով ընդամենը ներկայացնենք «Աթայուրդ» կոչվող պատմության դասագրքում զետեղված հարցերը. այսպես՝

հարավային Ադրբեջանը ե՞րբ է հայտնվել Իրանի բռնապետության ճիրաններում:

մեր ժողովրդի ո՞ր ազատագրական շարժումներն էին ուղղաված Իրանի դեմ:

ի՞նչ նմանություններ կան Հյուսիսային Ադրբեջանում` Ռուսաստանի և Հարավայինում` Իրանի գործադրած բռնությունների միջև

Ողջ դասագիրքը կազմված է  նման բազմաթիվ` խեղաթյուրված, պատմության հետ ոչ մի առնչություն չունեցող թեմաներով ու հարցադրումներով:

Իրանցի գիտնականը շեշտում է, որ Ադրբեջանի պատմության  դասագրքերում քարոզվում են հիմնականում հակաիրանական, հակահայկական ու հակառուսական գաղափարներ.նույնիսկ ադրբեջանցիների հետամանցությունը պատճառաբանվում է ոչ թե տվյալ հասարակության կառուցվածքով, մշակույթով, վերջապես մեթալիտետով, այլև Իրանի ու Ռուսաստանի բռնապետականությամբ եւ Հայաստանի թշնամությամբ:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ


Դիտել Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն