Կիպրացի հույները դատի են տալիս Թուրքիային
Կիպրացի երեք հույն (Միհալիս Թումազու, Նիկոլաս Կաջիլարիս և Մարուլա Տոմբազի) Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում դատական հայց են ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)` պահանջելով 400մլն դոլարի փոխհատուցում Կիպրոսում իրենց կրած նյութական կորուստների համար: Դրան ավելացնելով նաև բարոյական վնասի փոխհատուցման ծավալը` մեղադրող կողմը Թուրքիայից և ՀԿԹՀ-ից պահանջում է գանձել 1 տրլն դոլար: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող նշված հույների անունից հայցադիմումը ներկայացրել է Ահթան Չիմբիդիս անունով մի հույն փաստաբան: Նրա ձևակերպմամբ` 1974թ. թուրքերը Կիպրոսում խախտել են մարդու իրավունքները` օգտագործելով ամերիկյան զենքեր: Չիմբիդիսը կապ է հաստատել Կիպրոսի հույների հետ, որպեսզի նրանք ևս մասնակցեն այդ դատական գործընթացին, քանի որ, ըստ նրա, դա համահունական դատավարություն է:
Նշենք, որ Կիպրոս կղզու հյուսիսային հատվածում բնակվող թուրքերի ֆիզիկական ու իրավական իրավունքները պաշտպանելու պատրվակով թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս ու զավթեց կղզու տարածքի 40 տոկոսը: 200.000 կիպրացի հույներ վտարվեցին իրենց տներից, եղան բազմաթիվ մարդկային զոհեր, ահռելի նյութական կորուստներ, տնտեսական անկում, խեղված ճակատագրեր:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն այժմ ճանաչված է միայն Անկարայի կողմից:
ArmAr.am












