Անսպասելի զարգացումներ Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը» մեջլիսում ներկայացված էր 21 պատգամավորով: Դատարանի վճռով կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն ու «ԺՀԿ»-ական պատգամավոր Այսել Թուղլուքը զրկվել էին պատգամավորական մանդատից: Մնացած 19 խորհրդարանականներն ակամա հայտնվում էին անկախ պատգամավորների կարգավիճակում: Սակայն կուսակցությունը փակվելուն պես վերջիններս որոշում էին ընդունել հրաժարվել իրենց մանդատներից:
«CnnTurk» լրատվական կայքի տեղեկացմամբ, սակայն, խմբակային այդ հրաժարականի հաստատումը հարցականի տակ է հայտնվել: Բանն այն է, որ պատգամավորների ներկայացրած հրաժարականն ընդունվում է միայն այն դեպքում, երբ մեջլիսի Գլխավոր խորհրդի բացարձակ մեծամասնությունը կողմ է քվերակում դրան: Մինչդեռ իրավիճակն այս պահին անորոշ է: Խորհրդարանական ուժերից մեկը` ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, հայտարարել է, որ կողմ է քվեարկելու ներկայացված հրաժարականներին: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն էլ դեռ չի հայտնել իր դիրքորոշման մասին: Հայտնի չէ նաև խորհրդարանական մեծամասնություն կազմող, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության դիրքորոշումը, քանի որ ինչպես տեղեկացրել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, «ԱԶԿ»-ում դեռ համապատասխան որոշում չի կայացվել:
ArmAr.am












