ԼՂՀ Մուշկապատ գյուղի «ճանապարհային հոգսերը» փոքր- ինչ լուծվեցին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջհամայնքային ճանապարհների բարեկարգման մասին բազմիս է խոսվել: Հանրապետության գյուղական բնակավայրերից շատերի համար չլուծված խնդիրների շարքը սկսվում է հենց դրանով: ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի համար այս խնդիրն արդեն լուծվում է: Համենայնդեպս` առաջիկա երեք տարվա կտրվածքով:
Հատկապես այս տարվա առատ տեղումներից հետո Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղը Նինգի-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհը իսկական փորձություն էր դարձել կամա-ակամա այդտեղ հայտնված վարորդների համար: «Հատկապես հուլիսին եւ սեպտեմբերին տեղացած ուժեղ անձրևներից հետո` այս ճանապարհահատվածը գրեթե անացանելի է դառնում», – մանրամասնում է Մուշկապատի համայնքի ղեկավար Ռուբեն Մուսայելյանը: «Ընդ որում` դա գյուղը շրջկենտրոնին և, ընդհանրապես, դրսի հետ կապող միակ ճանապարհն է»:
Խնդրի առնչությամբ բնակիչները դիմումներ են ուղղել շրջանի եւ հարապետության ղեկավարությանը:
Եվ ահա, արդեն չորս օր է` դժվարանցելի այս ճանապարհահատվածում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: «Իրականացնում ենք վեց կիլոմետրանոց ճանապարհահատվածի բարեկարգման եւ խճապատման աշխատանքներ»,- ասում է շինարարությունը ստանձնած «Քարավան» ՍՊԸ-ի աշխղեկ Խաչիկ Զաքարյանը: «Եվս մեկ-երկու կիլոմետր` և դժվարանցանելի այս ճանապարհահատվածը վարորդների համար այլեւս անցանելի կդառնա, նրանց զերծ պահելով վտանգներից»:
«Քարավան» -ի առաքելությունը, սակայն այդքանով չի ավարտվում: Իր միջոցներով վերանորոգման աշխատանքներ իրականացնող ընկերությունը նաեւ այս ճանապարհահատվածի խնամքն է հանձնառել` առաջիկա վեց տարիներին:
Դրանով, կարծում ենք, որ մուշկապատցիների «ճանապարհային» հոգսերը փոքր- ինչ լուծված կհամարվեն:
Մինչդեռ ամիսներ առաջ ընդհատված` Մուշկապատ-Հաղոտի -Ստեփանակերտ կանոնավոր ավտոբուսային երթուղիների վերականգնման հեռանկարը դեռ շարունակում է անորոշ մնալ:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












