Թուրք լրագրողների հանդիպումները` ՀՀ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 17-ին «Եվրասիա» հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում Երեւան ժամանած թուրքական հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 18-ին հայ լրագրողների հետ շարունակել են քննարկումները: Այսօր քննարկում է ծավալվել հետևյալ թեմայի շուրջ` «Հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի խնդիրը»:
Պարզվում է, որ թուրք լրագրողների մեջ կան այնպիսիք, ովքեր հստակ գիտակցելով ողջ գործընթացը հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի հարցի արծարծումը ընդունելի չէ և չի բխում հենց Թուրքիայի շահերից:
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Թուրք լրագրողները պատգամավորին հարց են ուղղել Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությանը մասին, ու թե ի՞նչ նկատի ունի հայկական կողմը՝ «ողջամիտ ժամկետ» ասելով:
Ազգային ժողովի պատգամավորը թուրք լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանը կատարում է եւ կկատարի արձանագրություններից բխող պարտավորությունները, հետևապես նման մոտեցում ակնկալում է նաեւ Թուրքիայից: Ա. Զաքարյանը շեշտել է, որ Արձանագրություններում չկան և դրանցից ամենևին չեն բխում ինչ-որ նախապայմաններ, որոնք հայտարարվում են թուրքական իշխանությունների կողմից:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները չվավերացվելու կամ դրանք խախտելու դեպքում` Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ միջազգային օրենքների շրջանակներում:
«Hurriyet»-ի լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի զինանշանի վրա կա Արարատ լեռը, որը ենթադրում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջ, իսկ ստորագրված արձանագրություններում կան երկկողմ սահմանների վերաբերյալ համապատասխան կետեր, դա չի՞ նշանակում, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրությունները հակասահմանադրական կարող է ճանաչել, Ազգային ժողովի պատգամավորը պատասխանեց, որ դա դժվար թե անդրադառնա Սահմանադրական դատարանի որոշման վրա:
ArmAr.am












