Արևմտահայերը Թուրքիայից պետք է պահանջեն իրենց սեփական կալվածքները
ArmAr.am-ի թղթակիցը Պոլսո «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջիի հետ խոսել է պոլսահայության ներկայիս վիճակի մասին:
Արիս Նալջին գտնում է, որ այսօր որոշակի` դրական տեղաշարժեր են նկատվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքների հարցում. «1955-ից հետո պոլսահայերը պատգամավոր չունեին Թուրքիայի մեջլիսում: 2007-ի ընտրությունների ժամանակ հայերն ասացին, որ իրենք պետք է քվեարկեն իրենց նախընտրած անկախ թեկնածուների օգտին: Իհարկե, այդ թեկնածուներն ազգությամբ հայեր չէին, բայց հայերը գոնե վստահ էին, որ կան պատգամավորներ, որոնք կարող են հայության խնդիրների մասին բարձրաձայնել օրենսդիր մարմնում: Իսկ ահա, 2008-ի ընտրությունների ժամանակ Ստամբուլի քաղաքապետարանում ընտրվեց 14 հայ: Պոլսահայերն այսօր ցանկանում են ակտիվորեն մասնակցել Թուրքիայի քաղաքական կյանքին»:
Արիսը տեղեկացրեց, թե այսօր ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող հայերը ցանկանում են վերադարձնել արևմտահայության սեփականությունը համարվող այն դպրոցների կալվածքները, որոնք 1936-ից հետո Թուրքիայի կառավարությունը պարտադրանքով վերցրել էր հայերի ձեռքից: Արիս Նալջիի կարծիքով, դա այսօր հնարավոր է դառնում օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ: «Հիմա` հայերը պետք է մոտ 392 կալվածքի համար փաստաթղթեր ուղարկեն Թուրքիայի կառվարությանը: Չգիտենք, թե` ի վերջո, ի՞նչ է լինելու. կառավարությունը ի՞նչ որոշում կկայացնի: Բայց եթե մերժի հայերի արդար պահանջը` այդ փաստաթղթերի հիման վրա դիմելու ենք Եվրադատարան: Վերջին երեք տարիների ընթացքում միջազգային դատարանը ազգային փոքրամասնությունների օգտին բազմաթիվ վճիռներ է կայացրել»:
«Ակոսի» խմբագիրը նկատում է, որ Արևմտյան Հայաստանում` ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող հայերը սկսեցին ակտիվանալ հիմնականում 12-13 տարի առաջ: Նա այդ հարցում կարևոր դեր է վերապահում «Ակոս»-ին, որ առաջին անգամ Թուրքիայում բարձրաձայնեց հայերի խնդիրների մասին:
Սակայն որքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձի բարեփոխումներ իրականացնել, «բարելավի» այնտեղ ապրող հայերի վիճակը, «տա իրավունքներ», միևնույն է, Արիսը խոստովանում է. «Ես Թուրքիայում ինձ ապահով չեմ զգում»:
Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան իրականում բարեփոխվել չի ցանկանում, այլ ընդամենը շարունակում է Արևմուտքի աչքին ժողովրդավար երևալու իր հայտնի խաղը…
Իսկ նման երկրում բնականաբար, ոչ ոք իրեն չի կարող ապահով զգալ:
ArmAr.am












