Բարդուղիմեոս պատրիարքը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին
Նյու Յորքի Turkishny.com կայքէջի վկայությամբ, պատասխանել է ամերիկյան CBS հեռուստաընկերության հարցերին, Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Նա ասել է, թե Թուրքիան մի երկիր է, ուր երկրի ոչ թուրք քաղաքացիները չեն կարողանում օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնք նախանշված են սահմանադրությամբ:
Հարցազրույցը վարող Բոբ Սիմոնը հարց է ուղղել, թե. «Դուք հույն եք: Ինչո՞ւ Հունաստան չեք տեղափոխվում», տիեզերական պատրիարքը պատասխանել է. «Որովհետեւ սիրում ենք մեր երկիրը: Այստեղ ենք ծնվել: Այստեղ էլ պետք է մահանանք: Մեր պատրիարքարանը 17 դար շարունակ այստեղ է գործել: Զարմանում եմ, թե Թուրքիայի ղեկավարությունը պատրիարքարանի պատմության նկատմամբ ինչո՞ւ հարգանք չի տածում»:
Բարդուղիմեոս պատրիարքը միաժամանակ նշել է, որ այն քաղաքը, որտեղ պատրիարքարանն է գործում, քրիստոնյաների համար Երուսաղեմի շարունակությունն է. «Նա մեզ համար սրբավայր է: Թեեւ այստեղ մեզ երբեմն Քրիստոսի նման խաչում են, սակայն մենք նախընտրում ենք այս քաղաքում ապրել, որովհետեւ Հիսուս Քրիստոսին ոչ միայն պետք է հավատալ, այլեւ հարկավոր է նրա նման զրկանքներ կրել»:
ArmAr.am












