Բաց նամակ ՀՀ և ԼՂՀ իշխանություններին
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին
ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանին
ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին
ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին
Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, որոնք արցախյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար շատ ավելի մեծ ջանքեր են թափում, քան պաշտոնական Բաքուն, որդեգրել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու քաղաքականություն, ինչի հետևանքով մի շարք ազդեցիկ երկրների առաջնորդներ արդեն իսկ տեղի են տալիս ադրբեջանա-թուրքական պահանջներին:
Հաշվի առնելով այս իրողությունը` մենք` քաղաքական–հասարակական կազմակերպությունների ուսանողական միությունների ներկայացուցիչներս.
– գիտակցելով հայ-ադրբեջանական ներկայիս «բանակցային» գործընթացի խիստ անցանկալի ու վտանգավոր ընթացքը,
– հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի ուշ թե շուտ վերսկսումն անխուսափելի իրականություն է,
– բարձր գնահատելով ազատագրված` ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների կարևորությունը տարածաշրջանում հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունն ապահովելու գործում,
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից.
– Ակտիվ աշխատանքներ տանել Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ, ստեղծելով համապատսխան ենթակառուծվածքներ, տնտեսական զարգացման հնարավորություններ ու հարկային արտոնույուններ վերաբնակների համար:
– Միմյանց միջև կնքել միջպետական պայմանագրեր ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում:
– Նպաստել Արցախի պետականության ներկա սահմաններում ճանաչմանը միջազգային հանրության կողմից` ստեղծելով ՀՀ Ազգային Ժողովի ու նախագահության կողմից անհրաժեշտ պահին ԼՂՀ-ն ճանաչելու նախադրյալներ: Այս հիմնախնդրի իրականացման նպատակով ակտիվ աշխատանքներ սկսել Սփյուռքի հետ:
Ազգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միություն
Հայ Յեղափոխական Դաշնակցության “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միություն
“Ժառագություն” Կուսակցության “ՀԱՅՔ” ուսանողական-երիտասարդական միություն












