Աղթամարի Սուրբ խաչը թանգարանից վերածվելու է գործող եկեղեցու
Թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու դռները շուտով կբացվեն պատարգներ մատուցելու և ժամերգություններ կատարելու համար: Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն հայտարարել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին ծրագրված է տևական դադարից հետո մատուցել առաջին պատարագը: Ըստ նրա` Թուրքիայի մշակույթի նախարարության հետ արդեն արվել են անհրաժեշտ աշխատանքները:
«Այդ առիթով մենք հրավիրելու ենք հայազգի համաքաղաքացիներին և Վանին հատուկ հյուրասիրությամբ պատվելու ենք նրանց»,- ասել է Մյունիր Քարաօղլուն:
Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Իրանը լայն հնարավորություններ են ստեղծում Վանում զբոսաշրջության զարգացման համար, միայն թե անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը և Իրանի հետ Քափըքոյ սահմանադուռը:
«Այստեղ զբոսաշրջիկներ կժամանեն ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից. չէ՞ որ այժմ մեր սահմանն անցնում է լեռներով, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո իրանցի զբոսաշրջիկները կկարողանան Հայաստանի տարածքով ավելի հարմար ուղիներով հասնել Վան»,- նշել է նա։
Ըստ Վանի քաղաքապետի՝ եկեղեցու բացումից հետո Ախթամարը կդառնա ուխտագնացության վայր` աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար։
Հիշեցնենք, որ վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտին: Ու մինչև օրս տասներորդ դարի հայկական այդ եկեղեցին գործում է որպես թանգարան: Սուրբ խաչն առանց խաչի է. թուրքական իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են, որպեսզի եկեղեցու գմբեթին խաչ տեղադրվի:
Աղթամարի շինություններից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին (915-921), որը համարվում է հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Խաչաձև հատակագծով այդ եկեղեցու ճարտարապետը եղել է քանդակագործ և նկարիչ Մանուելը: Մասնագետների գնահատմամբ`Սուրբ Խաչ եկեղեցին եզակի երևույթ է միջնադարյան հայկական արվեստում:
ArmAr.am












