Գլխավոր » Լրահոս

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել

Դեկտեմբեր 21, 2009թ. 13:20

2009թ. դեկտեմբերի 16-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Արևմտյան Բենգալի նահանգապետի պաշտոնակատար Դեվանանդ Կոնվարի և գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ:

Նահանգապետի պաշտոնակատար Դեվանանդ Կոնվարի հետ հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների մակարդակը: ՀՀ դեսպանը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Իր հերթին նահանգապետի պաշտոնակտարը ողջունեց Արևմտյան Բենգալ նահանգի հետ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության հայակական կողմի նախաձեռնությունները:

Արևմտյան Բենգալի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց նահանգի մայրաքաղաք Կալկաթայում կենտրոնացած հնդկահայոց համայնքի հանդեպ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի համար: Դեսպան Հակոբյանը նշեց, որ դարեր ի վեր հայերը զգալի դեր են խաղացել Հնդկաստանի, մասնավորապես Կալկաթայի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Իր հերթին Արևմտյան Բենգալի գլխավոր նախարարը բարձր գնահատեց հնդկահայոց համայնքի դերը նահանգի կյանքում:

Կողմերը քննարկեցին տնտեսության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Այդ համատեքստում կարեւորվեց հեռանկարային ծրագրերի մշակման եւ գործարար շրջանակների համապատասխան ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն