Նախագահը ամենից շատ բողոք ստացել է Երևանից, Շիրակից ու Լոռուց
Այսօր կայացած ասուլիսում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ասել է, թե Հայաստանի հանրապետության քաղաքացիների կողմից ՀՀ նախագահին ուղղված դիմում-բողոքների թիվը գնալով ավելանում է: Այսպես. 2009 թ. ընթացքում ՀՀ նախագահին դիմել է 15 հզ-ից ավելի մարդ, 2008 թ-ին` 13 հզ., իսկ 2007 թ-ին դիմումների թիվը եղել է ընդամենը 4 հզ.:
Ի դեպ, ամենաշատ դիմումները ստացվել են Երևանից` 5300, ապա Շիրակից` 4700, Լոռուց` 1000 և արտերկրից 200 դիմորդ:
Սակայն կարևորն այն է, թե ի՞նչ ընթացք են ստացել այդ դիմում-բողոքները. «4270 մարդու դիմում-բողոք դրական լուծում է ստացել: Այսինքն, դիմումատուների մոտ 30 %-ը: Դա շատ լավ ցուցանիշ է այն դեպքում, երբ ոչ բոլոր հարցերն են ենթակա լուծման և ոչ բոլոր դիմումներն են համապատասխանում իրականությանը: 10730 մարդու տրվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ»,- նշեց Հ. Հովսեփյանը:
Անդրադառնալով առանձին ոլորտներում բացահայտված խախտումներին` Հ. Հովսեփյանը տեղեկացրեց, որ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության ու «Այլաց գրուպ» ընկերության միջև մանկական խնամակալական շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիր է եղել, որի ժամկետները լրացել էին, գումարները փոխանցվել, բայց ընկերությունն իր պարտավորությունները չէր կատարել: Արդյունքում, հաջողվել է 20 բնակարան և 125 մլն դրամ ետ բերել:
«Մի շարք խախտումներ են արձանագրվել 10 նոտարների գործունեության օրինականության ուսումնասիրության ժամանակ. իրավաբանական անձի անունից գործարք է կնքել տնօրենը` առանց նման իրավասության, գործարքներ են կնքվել լիազորություն չունեցող անձանց կողմից, առանց կադաստրի միասնական տեղեկանքի, առանց անձնագրի վավերության գործարքներ, համայնքային սեփականություն հադիսացող գույքը օտարվել է առանց նոտարին ներկայացնելու համայնքի ավագանու ոոշումը»: Նման դեպքերի թիվը հասնում է մոտ 150-ի:
Հ. Հովսեփյանը տեղեկացրել է, որ անօրինական աշխատանքի արդյունքում 10 նոտարներ` Արդարադատության նախարարության կողմից պատժվել են:
ArmAr.am












