Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կարծիքները չեն համընկնում

Դեկտեմբեր 21, 2009թ. 19:01

VMԱյսօր լրագրողների հետ հանդիպել ու անցնող տարին են անփոփել  ՀՅԴ բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու  Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Մանվել Բադեյանը:

Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, դրական միտումները շատ չեն, իսկ պատճառները և օբյեկտիվ են, և` սուբյեկտիվ:

Գնահատելով կառավարության անցնող տարվա գործունեությանը, նա մասնավորապես, նկատել է, որ կառավարության գործունեությունը համարժեք չէ այն տնտեսական մարտահրավերներին, որ մեր երկրի առջև կանգնել են, ընդհանրապես, և հատկապես, տնտեսական ճգնաժամի հետեւանքով: «Հետեւանքները բնականաբար լավը չեն, ինչը եւ արտացոլվեց վերջերս ընդունված բյուջեի մեջ»,- ասել է դաշնակցական գործիչը:

Մինչդեռ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն ամենևին էլ չկիսելով ընդդիմադիր պատգամավորի կարծիքը, որպես տնտեսագետ համոզմունք է հայտնեց, թե չկա մեկը, որը կարողանա հստակ գնահատել` որ քայլերն ստեղծված իրավիճակի համար համարժեք, և որոնք` ոչ:

«Շախմատում գոյություն ունի ցուփցվանգ հասկացողություն, որտեղ ցանկացած քայլ բարելավման չի բերում: Բացի այդ` կառավարությունը մի սուբյեկտ է, որին անընդհատ կարելի է քննադատել ցանկացած հարցով եւ միշտ` ճիշտ: Մենք պետք է հասկանանք, որ սահմանափակ ռեսուրսի պայմաններում միշտ կարելի է գտնել այնպիսի բացեր, որոնք որեւէ մեկի կարծիքով ավելի նպատակահարմար կլիներ օգտագործել այդ ուղղությամբ»,- ասել է Մանվել Բադեյանը։

Հակադիր էին կարծիքները նաև հայ- թուրքական գործընթացների շուրջ: Հանրապետական պատգամավորի  համոզմամբ՝ չկա մի քաղաքական ուժ կամ քաղաքացի, որը կարծի, թե հայ- թուրքական հարաբերությունները երբեւէ չպետք է կարգավորվեն: Եթե չկան նման կարծիքներ, ուրեմն հարց է. «Իմ խորին համոզմամբ` ժամանակը խաղում է մեր դեմ, ոչ մեր օգտին եւ ինչքան շուտ ձեւավորվի մոդելը հայ- թուրքական հարաբերությունների, այնքան ձեռնտու է ՀՀ-ի համար»:

Մինչդեռ, ըստ Վահան Հովհաննիսյանի.«Հայ- թուրքական հարաբերությունների մեջ, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին աններելի, անթույլատրելի սխալ` փաստորեն դառնալով Թուրքիայի կողմից առաջարկված մոդելի պատանդը»:

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ, արձանագրությունների հետ կապված որևէ վտանգ չկա: Նա կարծում է, որ խնդիրն այլ տեղում է եւ կարեւորը գոյություն ունեցող մարտահրավերները դիմակայելու համար համախմբվածությունն է, իսկ որ արձանագրությունները խթանում կամ նպաստում են մեր ներուժի կոնսոլիդացմանը` հանրապետական պատգամավորը չի կասկածում:

Բայց դրաով հանդերձ չթաքցրեց իր մտավախությունը, թե. «Որ նախապայմաններ`  հաջորդ տարի կլինեն, մտավախությունն առկա է»:

Հանրապետական պատգամավորը շեշտեց նաեւ, որ երկրի հզորացումը բոլորի խնդիրն է, միայն իշխանության խնդիրը չէ, ինչին մաս է կազմել նաեւ Դաշնակցությունը:

«Այո, եղել ենք իշխանություն, նրանով հանդերձ, որ չենք արել կարելին` Հայաստանը հզոր դարձնելու համար, այնուամենայնիվ, պատասխանատվության չափաբաժինը բավական տարբեր է՚,- հակադարձեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը: Վերջինս նաեւ արձագանքեց կուսակցության հասցեին հնչած այն մեղադրանքներին, թե դաշնակցությունն անկեղծ չէ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն