Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է եւ բացարձակապես կրոնական երանգ չունի
«Ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է եւ բացարձակապես կրոնական երանգ չունի»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեկտեմբերի 21-ին ընդունելով Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլիի (նստավայրը` Աթենք) հավատարմագրերը:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան կհանդիսանա այլ ոլորտներում գործակցության զարգացման համար:
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները չունեն հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ խնդիր, ընդհակառակը՝ ունեն բավականաչափ ընդհանրություններն եւ նմանատիպ ձգտումներ, որոնք կարող են նպաստել նրանց մերձեցմանը:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Մինարոլլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, եւ բացարձակապես կրոնական երանգ չունի: Դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապես պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
ArmAr.am












