ԼՂՀ բյուջեի օրինագծի քննարկումը կվերսկսվի չորս օրից
Դեկտեմբերի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Քննարկման հիմնական թեման ԱԺ 9-րդ նստաշրջանի դեկտեմբերյան լիագումար նիստի նախապատրաստության հարցն էր։ Նշվեց, որ առաջարկվում է նիստում՝ որպես օրակարգի հիմնական հարց, քննարկել «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով, որ, համաձայն ժամանակավոր ժամանակացույցի, օրինագծի նախնական խորհրդարանական քննարկումներն արդեն ավարտվել են և պատգամավորների, մշտական հանձնաժողովների ու պատգամավորական խումբ-խմբակցությունների առաջարկությունները գրավոր տեսքով ուղարկվել են կառավարություն։ Համաձայն կանոնակարգով սահմանված ընթացակարգի՝ բյուջեի օրինագծի քննարկումը կընդմիջվի ու կվերսկսվի առնվազն չորս օրից հետո։ Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև շրջանառության մեջ գտնվող օրենքների այն նախագծերը, որոնց քննարկումները նույնպես նպատակահարմար է անցկացնել առաջիկա լիագումար նիստում։ Այդ կապակցությամբ նշվեցին մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները խնդրո առարկա օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։ ArmAr.am












