Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական

15 տարի առաջ այս օրը ԼՂՀ-ն ընտրեց իր առաջին նախագահին

Դեկտեմբեր 22, 2009թ. 10:00

stepanakert15 տարի առաջ այս օրը` 1994 թվականի դեկտեմբերի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրեց իր առաջին նախագահին: Այսօր արդեն Արցախն ունի կայացած նախագահական համակարգ:

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակիցն օրվա առիթով զրուցեց  ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

«Այս օրն իսկապես հոբելյանական է Արցախի ժողովրդի համար. նախագահական ինստիտուտի առկայությունը վկայում  է երկրի և’ ժողովրդավարական, և’ կառավարման համակարգի հասունության մասին: Նախագահական ինստիտուտի գործելաձևից կարելի է կարծիք կազմել պետության կառավարման համակարգի մասին: Իսկ այսօր կարելի է վստահաբար փաստել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի կայացած նախագահական ինստիտուտ` իր բոլոր ենթակառուցվածքներով»,- ասում է պարոն Բաբայանը:

Նախագահական ինստիտուտն Արցախում հաստատվեց 1994 թվականին, իսկ հանրապետության հռչակման հենց սկզբից`1991 թվականից մինչև 1994 թվականը, Արցախի Հանրապետությունը եղել է խորհրդարանական հանրապետություն: Պատմությունը` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար, Ազգային Ժողովի նախագահ, հիշում է Արթուր Մկրտչյանին:

1994-ից արդեն Արցախում առաջացավ նախագահական համակարգի հաստատման անհրաժեշտությունը: Ինչպես նշում է Դավիթ Բաբայանը, հաշվի առնելով   պատերազմական դրությունը, պետական նախագահական ինստիտուտների կառավարման փորձը, և’ հասարակությունը, և’ իշխանությունները եկան այն համոզման, որ Արցախում նախագահական կառավարման համակարգը կարող է շատ ավելի արդյունավետ գործել: Դավիթ Բաբայանը վերհիշում է.  «Խորհրդարանի միջոցով ավելի դժվար էր երկրի կառավարումն իրականացնել: 1992 թվականին մարտի դաշտում բավականին ծանր դրություն հաստատվեց, ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտե, որն իր վրա վերցրեց նաև երկրի կառավարման պարտականությունը: Իշխանության մյուս ճյուղերը` օրենսդիր, գործադիր, դատական, պետք է զբաղվեին յուրաքանչյուրն իր պարտականություններով, իսկ նախագահը պետք է համակարգեր այս բոլոր աշխատանքները: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ինստիտուտի ներդրումը բավականին արդյունավետ եղավ»:

Ահա այսպես հիմք դրվեց Արցախում նախագահական կառավարման համակարգին: Առաջին նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, ընտրվեց ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից: Նա վերընտրվեց նաև հետագայում, երբ տեղի ունեցան առաջին համաժողովրդական նախագահական ընտրությունները:

Պարոն Բաբայանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  նախագահական համակարգն անընդհատ զարգանում է: Դա կապված է նաև այլ իրադարձություների հետ, ինչպիսին, օրինակ, Սահմանադրության ընդունումն է:

«Մինչև Սահմանադրության ընդունումը նախագահն իրավունք ուներ վարչապետին կամ կառվարության անդամներին նշանակել` նույնիսկ առանց Ազգային Ժողովի հետ այդ հարցը քննարկելու: Սահմանադրության ընդունումից հետո արդեն վարչապետի թեկնածության համար հավանություն տալիս է Ազգային Ժողովը»:

Նախագահական ինստիտուտի հաստատմանը զուգահեռ` Արցախի ժողովուրդը ձեռք է բերել ևս մեկ մեծ նվաճում` Արցախում ընտրությունների խախտման դեպքեր չեն լինում: Ինչպես  նախագահի խորհրդականն է նկատում, եթե անգամ լինում էլ են, ապա դրանք փոքր և աննշան դեպքեր են` տեխնիկական պատճառներով թույլ տրված, երբ մարդիկ, պարզապես, անիրազեկության պատճառով կարող են սխալ լրացնել քվեաթերթիկը: «Իսկ ընդհանուր առմամբ` և’ նախագահական, և’ տեղական ինքնակառավարման մարմինների, և’ Ազգային Ժողովի ընտրություններն անցնում են   թափանցիկ և բարձր մակարդակով, ինչի մասին բազմիցս վկայել են օտարերկրյա դիտորդները»:

Արցախի ժողովրդի այս մեծ նվաճումը Դավիթ Բաբայանը պայմանավորում է երկու հանգամանքով. «Նախ` Արցախը փոքր պետություն է, և այստեղ մարդիկ հեշտությամբ կարող են կարծիք կազմել այն մարդու մասին, ով ցանկանում է ընտրվել  նախագահի պաշտոնում, կամ ներկայանում է որպես պատգամավորության  թեկնածու, կամ էլ` տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրության հայտ ներկայացնում: Հետևաբար, PR կոչվածը, որն ընդունված է արևմուտքում և հեշտորեն ու ֆենոմենալ կերպով աշխատում է այնտեղ, և որի «շնորհիվ» պատահական մարդկանց կարող են հեշտորեն բերել իշխանության, Ղարաբաղում  դա գրեթե չի գործում: Քանի որ, ինչպես ասացի, այստեղ  PR-ի կարիք չկա, այստեղ մարդիկ միմյանց լավ են ճանաչում ու շատ հեշտ է պարզելը, թե ով` ով է:

Եվ երկրորդ` Արցախյան պատերազմով անցած ժողովուրդն անհանդուրժող է  ընտրակեղծիքների նկատմամբ»:

 

Ի դեպ, թվում է, թե դարեր շարունակ մելիքների կառավարում ունեցող ժողովրդի համար պետք է որ ընդունելի լիներ իշխանության ժառանգաբար փոխանցումը, մինչդեռ արցախցուն գենետիկորեն հատուկ է ժողովրդավարությունը. «Բացառիկ երևույթ է. նույնիսկ մելիքական ժամանակաշրջանում Արցախում առաջնորդ դառնալուն հավակնող թեկնածուին` ժողովուրդը պետք է իր հավանությունը տար, չնայած նրան, որ մելիքի  պաշտոնը ժառանգաբար էր փոխանցվում: Այս պատմական փաստը ևս կարևոր դեր ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարության կայացման գործում»,- ասում է պարոն Բաբայանը:

Անի Աբովյան

ArmAr.am

 



Թեգեր` , , , , , , , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն