Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Համատեղ այցելություն Գյումրի` «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում

Դեկտեմբեր 22, 2009թ. 09:00

21-ը դեկտեմբերին բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության ղեկավարներն այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց և սաներին նվիրեցին երաժշտական գործիքներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցին նվիրեց  8 ջութակ, 2 ֆլեյտա, ինչպես նաև  մեկական սոպրանո սաքսոֆոն և սինթեզատոր: «Մեդիամաքսը»  ևս ունեցավ իր համեստ ներդրումը` դպրոցին նվիրելով երկու կիթառ:

Համատեղ այցելությունը կայացավ «Ռոքն օգնում է Հայաստանին`  Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որն իրականացնում են «Մեդիամաքսը» եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Նախագծի շրջանակներում միջոցներ են հավաքագրվում տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով:

Ս.թ. դեկտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում  հայտարարվեց, որ երաժշտական գործիքներ նվիրելուց բացի, իրականացվելու է կարևոր նախաձեռնություն: Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երևանում հանդես կգա բարեգործական երկու համերգով, որոնց ամբողջ հասույթը կուղղվի երաժշտական դպրոցի վերակառուցմանը:  Համերգների գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Մեր նպատակն է օգնել այս դպրոցի վերակառուցմանը: Գիտակցում ենք, որ դա այնպիսի գործընթաց է, որը կպահանջի զգալի ջանքեր եւ ժամանակ: Այդ պատճառով, քանի դեռ ճանապարհի սկզբին ենք, որոշեցինք Նոր տարվա շեմին մի փոքրիկ նվեր մատուցել դպրոցի երեխաներին: Հուսով ենք, որ երաժշտական նոր գործիքները կնպաստեն, որպեսզի սաներն առավել հաճույքով զբաղվեն երաժշտությամբ և դրսևորեն իրենց ներուժը», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք ուզում ենք այս դպրոցը վերակառուցված տեսնել: Այդ նպատակի շուրջ են համախմբվել Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, համաշխարհային մեծության աստղ Իէն Գիլանը և ավստրալիական Do Something-ը: Վստահ եմ, որ կհասնենք մեր նպատակին, և երեխաները վերջապես դուրս կգան այս տնակներից: Իսկ մինչև դա իրականություն դառնա, փորձելու ենք ամեն կերպ աջակցել դպրոցին: Այսօրվա միջոցառումն առաջին քայլն է», – ասաց «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն